Սարհատ Պետրոսյանը բանավոր նախազգուշացում է արել ֆինանսատնտեսագիտական վարչության պետին

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն այսօր բանավոր նախազգուշացում արեց ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Արթուր Թովմասյանին՝ 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հայտերը նախատեսված վերջնաժամկետից հետո ՀՀ կառավարություն ուղարկելու համար։ Նշեց, որ սա երկրորդն է, և որ հաջորդ անգամ կրկնվելու դեպքում արդեն ոչ թե նախազգուշացում կլինի, այլ ծառայողական քննություն կսկսվի։

Գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանին Սարհատ Պետրոսյանը հանձնարարեց այսուհետ որևէ մեկին արձակուրդ տրամադրելիս հաշվի առնել նաև, թե արդյո՞ք ժամկետային կարևոր անավարտ գործ չի մնացել, որը տվյալ աշխատակիցը շտապ պետք է կատարի։

Իսկ ինչպես նախորդ խորհրդակցությանն ասվել էր, ծառայողական քննություն է սկսվելու անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների վարչության պետ Հմայակ Հակոբյանի նկատմամբ, թե ինչու անշարժ գույքի գնահատման որակավորման քննությունները մինչև օրս չեն կատարվում Best Soft ծրագրով, ինչպես ամիսներ առաջ բոլոր քննությունների համար հանձնարարել է ղեկավարը։

Սովորականից կարճատև այսօրվա խորհրդակցությանը Պետրոսյանը փոխանցեց, թե Կոմիտեում գրությունները պատրաստելիս և ուղարկելիս ինչ ընդհանուր սխալներ են արվում ու թե առաջիկայում էլ ինչ պետք է անել դրանք տեխնիկապես՝ միասնական, իսկ լեզվի տեսանկյունից անսխալ դարձնելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել