Այսօր՝ մայիսի 6-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրաջանակներում ստեղծված Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի շրջանակներում մեկնարկեց եռօրյա դասընթացը՝ «Փաստարկված հանրային քաղաքականությունների մշակում» խորագրով: Այն կազմակերպվել էր ՀՀ ՔՀԿ-ների կոալիցիաների Կառուցողական երկխոսության ցանցի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար:
Դասընթացն անց է կացվում ԿԵՀ ծրագրի ենթածրագիր հանդիսացող և “WINNET Armenia” Network of Women Resource Centers կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի կողմից իրականացվող «Բյուջե բոլորի համար» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
ԿԵՀ ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ այժմ գլխավոր խնդիրն է հանրային քաղաքականությունների վրա ռեալ ազդեցություն ունենալն է ու ծրագրային բյուջետավորման մշակումը դրա լավագույն տարբերակն է: «Մենք ֆինանսների նախարարության հետ մի գործընթաց ենք սկսել, որպեսզի կարողանանք ավելի մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը բյուջետավորման գործընթացում: Այս եռօրյա ուսուցման ընթացքում մենք կվերապատրաստենք մոտ 45 կազմակերպությունների»,-նշեց Կարեն Զադոյանը:
Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը ողջունելով ծրագիրը՝ նշեց, որ ոլորտում քաղհասարակության հատվածի աջակցությունը կարող է էապես բարելավել բյուջետային գործընթացը, քանի որ լինելու են հանրային, խորհրդարանական, գործադիրի քննարկումներ, ինչի արդյունքում 2020 թվականին որակապես այլ բյուջե ունենալու հնարավորություն կլինի:
«Կարծում եմ ցանկացած բյուջետային ծրագրի և միջոցառման համար մեկ խնդիրը շահառուների նույնականացումն է ու այն մարդու հետ կապելը, երկրորդը՝ ազդեցությունն է, թե ինչպե՞ս է այս կամ ծրագիրն ազդելու մարդկանց կյանքի որակի բարելավման վրա: Ցանկացած բյուջետային ծրագրի պարագայում արդյունավետության և ռեսուրսների խնայողաբար օգտագործման խնդիր կա: Ինչ ծրագիր էլ ուզում է անենք, որ ոլորտում էլ դա լինի, մենք պետք է համոզված լինենք, որ այդտեղ չկան կոռուպցիոն ռիսկեր»,-ասաց փոխնախարարը:
Հանրային ֆինանսների կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը, ով մասնակիցներին է ներկայացնելու բյուջետավորման մոտեցումները և տեխնիկաները, ծախսերի հասկացություններն ու սահմանումները, պետական բյուջեի կազմման գործընթացը, բյուջետային ծախսերի հաշվարկների կատարման օրենսդրական հիմքերը և այլն, նշում է, որ բյուջետային ռեսուրսները հաճախ ուղղակի մսխվում են:
«Երբ ասում են՝ փող չկա, փող չկա, ես ասում եմ, որ փող կա, սխալ է ծախսվում: Հենց այն նույն պատճառով, որ շահառուները չեն ստանում այն օգուտները, որը պետք է ստանային»,- նշեց նա: