Ոստիկանությունը պարզաբանում է Հանրապետության հրապարակում տիկնոջ և ՃՈ ծառայողի մասնակցությամբ միջադեպը

Մայիսի 3-ին Հանրապետության հրապարակի մոտակայքում միջադեպ էր եղել մի կնոջ եւ ճանապարհային ոստիկանության ծառայողի մասնակցությամբ, որի տեսագրությունը հայտնվել էր համացանցում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ տեսանյութը կարճ ժամանակում լայնորեն տարածվել եւ քննարկվել է սոցցանցերում:

«Տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար ոստիկանությունն անհրաժեշտ է համարում պարզաբանել կատարվածը:

Կինը մոտեցել է ճանապարհային ոստիկանության ավտոմեքենային, խոչընդոտել երթեւեկությանը: Մեքենայում եղել է ճանապարհային ոստիկանության մեկ ծառայող՝ վարորդը: Հարկ է ընդգծել, որ ոստիկանության ծառայողը կնոջ ձեռքում նկատել է կոտրված ապակու կտոր եւ անցանկալի հետեւանքներից խուսափելու համար ռադիոկապով կանչել է տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության վերակարգերին:

Միաժամանակ, հավաքված քաղաքացիներին բարձրախոսով հորդորել է պահպանել անվտանգ հեռավորություն: Նշված վայր են ժամանել ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները եւ կնոջը ներկայացրել ոստիկանության Կենտրոնական բաժին: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել: Հանգամանքները պարզվում են»,-ասված է ոստիկանության պարզաբանման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել