ՔՈ-ն դիմել է ԱԺ երեք խմբակցությունների ղեկավարներին

Քաղաքացու որոշում ՍԴԿ-ն հայտնում է. «Տեղեկացնում ենք, որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը դիմել է ԱԺ երեք խմբակցությունների ղեկավարներին։
Պարոն Գագիկ Ծառուկյանին ԱԺ նախագահ պարոն Արարատ Միրզոյանի կողմից հղված հրապարակային գրության մեջ կարդում ենք․ «…Նկատելով, որ գործող իրավակարգավորումները լայն քաղաքական հայեցողություն են սահմանում էթիկայի հանձնաժողովի ստեղծման և գործունեության առումով և կարող են տարատեսակ շահարկումների տեղիք տալ, ինչպես նաև հանգամանքը, որ նման հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը դուրս է Ազգային ժողովի նախագահի լիազորություններից, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Դուք առնվազն պետք է սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնեք խնդրի վերաբերյալ»։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի տառին ու ոգուն հավատարիմ մնալու և որևէ տեսակի շահարկումների տեղիք չտալու նպատակով, սույն թվականի մայիսի 3-ին դիմել ենք ԱԺ բոլոր 3 խմբակցությունների ղեկավարներին՝ խմբակցությունների կողմից օրենքով նախատեսված ժամկետներում Գագիկ Ծառուկյանի պատգամավորական էթիկայի խախտումներին առնչվող հարցերի քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը նախաձեռնելու առաջարկով։
ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մեր առաջարկը լրացվել է նրանով, որ վերոնշյալ իրավական ընթացակարգը կանխարգելելու նպատակով նա կարող է անմիջապես հրաժարվել պատգամավորական մանդատից և զբաղվել բիզնես գործունեությամբ»,-նշել է կուսակցությունը իր հայտարարության մեջ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել