Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը այս պաշտոնում նշանակման (2018թ. օգոստոս) առաջին շաբաթներից հանձնարարեց հաշվարկել համակարգի ծառայողական ավտոմեքենաների բենզինի ծախսերը, դրանք հասցնել տրամաբանական նվազագույնի։ Այս մասին հայտնում են կադաստրի կոմիտեից:
Նոյեմբեր ամսից համակարգում սկսվեց բենզինի ծախսերի աստիճանական կրճատումը։ Անձամբ Պետրոսյանն իր ծառայողական ավտոմեքենայի բենզինի ծախսն ամսական 100 լիտրով կրճատելու մեկնարկ վերցրեց, և ամիսներ առաջվա 400 լիտրի փոխարեն արդեն մայիս ամսվա համար Կոմիտեի ղեկավարին սպասարկող մեքենայի բենզինը նախատեսվել է 100 լիտր։
Կոմիտեի տնտեսական մասի ղեկավար Մոմիկ Հովակիմյանը հաշվել է, որ կրճատման այս տեմպերով բենզինի ծախսն այս տարի 2018 թվականի համեմատ առնվազն 30 մլն դրամով պակաս է լինելու ամբողջ համակարգում (տե′ս կից գծապատկերը)։