Բավարար քանակով ջրային պաշարներ են կուտակվել և ապրիլ-հունիսին ջրի խնդիր հանրապետությունում չի լինի. ԱԻՆ նախարար

Կառավարության հավանությանն է արժանացել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է ներքին արտադրողի համար հումքային բազայով  ապահովման, ինչպես նաև մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կառավարության կողմից գործուն քայլեր են ձեռնարկվում երկրորդային հումքը տեղում վերամշակելու և տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրություններն օգտագործելով սև և գունավոր  մետաղների ջարդոնը և թափոնը: Մասնավորապես, ներկայումս Հայաստանում գործում են շուրջ 30 մետաղագործական և մետաղամշակման ընկերություններ, որոնց արտադրանքն ամբողջությամբ կամ մասնակի հիմնված է տեղական մետաղական ջարդոնի և թափոնի օգտագործման վրա: Նախագծով առաջարկվում է պետական տուրք սահմանել նաև ԱՏԳ ԱԱ 7201, 7204 ծածկագրերին դասվող ապրանքների համար, նույնիսկ հայկական ծագում ունենալու դեպքում: Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան տեղական արդյունաբերական ընկերություններին օգտագործել տեղում առաջացած մետաղի ջարդոնը որպես հումք` ապահովելով իրենց կողմից արտադրվող վերջնական արտադրանքի համար մրցակցային գներ: Սույն օրենքի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով սահմանափակումներ կիրառել այնպիսի արտադրատեսակների նկատմամբ, որոնք կարելի է արտադրել մեր երկրում` խթանելով տեղական արտադրությունը, օգտագործելով և զարգացնելով առկա հնարավորությունները:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրինագծին, նշել է. «Ըստ էության մենք ոլորտի հետ նաև որոշակի նախնական «գործարք» ենք կնքել հետևյալի մասին. մենք տեղական արտադրությանն աջակցում ենք նաև պայմանով, որ այդ ընկերությունները լրջորեն կզբաղվեն Հայաստանում տարբեր տեսակի մետաղի թափոնների վերամշակման գործով: Խոսքը վերաբերում է հին ավտոմեքենաների թափքերին, որոնք հանրապետությունում ամենուր են, ժանգոտած կրպակներին և այլն: Եվ ես ուրախ եմ, որ արդեն որոշակի արձագանքներ կան, որ այդպիսի պրոցես սկսվել է, և կան ընկերություններ, որոնք միջոցներ են ձեռնարկում դաշտերից, տարբեր տեղերից այդ աղբը, թափոնները հավաքելու: Ես սա շատ կարևոր գործընթաց եմ համարում»: 

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ  կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Կարգավորման նպատակն է ապահովել Սահմանադրական դատարանի որոշումների իրացումը և դրանով իսկ ապահովել օրենքների հստակությունն ու որոշակիությունը, ինչպես նաև վերացնել օրենքներում Սահմանադրությանը հակասող դրույթների առկայությունը: Օրինագծով, մասնավորապես, սահմանվել է, որ դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի՝ գրավառուի հնարավոր վնասների արժեքին համարժեք ապահովում, բայց ոչ ավելի, քան գրավի առարկայի արժեքն է՝ գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար: Առաջարկվել է նախքան ԱԺ ներկայացնելը, օրինագիծը լրամշակել, խմբագրել:  

Գործադիրն առաջարկություն է ներկայացրել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնության կարգով  ներկայացրած «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագծով առաջարկվում է օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի» բառերը:

Ինչպես նշել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, օրինագծով առաջարկվում է գաղտնազերծել  պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային   ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումները: Կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող հոդվածները թողնել անփոփոխ՝ ներկայացնելով մի շարք պատճառներ: Մասնավորապես, որ այդ տեղեկատվության գաղտազերծելը կվնասի պետական անվտանգությանը, այդ անձանց անվտանգությանը:

Անդրադառնալով օրինագծեին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք նույնիսկ վերջերս անվտանգության հետ կապված որոշումներ ենք կայացրել, բայց կա մի կետ, որից ավելի բացել այդ որոշումները տրամաբանական չէ: Երբ ասում ենք՝ հանրության համար բացենք, դա բացվում է ոչ միայն հանրության, այլ բոլոր պոտենցիալ հետաքրքրություն ունեցողների համար՝ Հայաստանում և Հայաստանից դուրս»:

Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնության կարգով  ներկայացրած մեկ այլ՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով նախատեսվում է կարգավորել մի շարք հարցեր հարցերը: Մասնավորապես,  առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 29-րդ հոդվածի 7.1-ին մասը, որով սահմանվում է Երևանի ավագանու նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը: Այս կետը կառավարությունն համարում է անընդունելի և նշում, որ նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանափակվել է ավագանու նիստերի անցկացման բնականոն ընթացքն ապահովելու, ինչպես նաև անվտանգությունն ապահովելու նկատառումներից: Նախագծի մեկ այլ հոդվածով  առաջարկվում է վերացնել Երևանի քաղաքապետի՝ Երևանի քաղաքապետարանում լրագրողների հավատարմագրման, ինչպես նաև Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում մամուլի ասուլիսների, ճեպազրույցների անցկացման կարգերը սահմանելու լիազորությունը, ինչը կառավարությունը համարում է ընդունելի:

Գործադիրն առաջարկություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով  ներկայացրած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանել դրույթ այն մասին, որ աշխատողի տարիքը չի կարող հանդիսանալ օրինական արգելք կամ պատճառ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար, բացառությամբ այլ օրենքներով կարգավորվող դեպքերի: Գործադիրն  առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենսգրքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, միայն տարիքին վերաբերող մասով արգելքի առանձին դրույթ սահմանելը ընդունելի չէ, քանի որ այդ պարագայում անհրաժեշտ կլինի օրենսգրքում նման արգելք սահմանել նաև սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի և այլ հանգամանքներով պայմանավորված ևս: Նշված է նաև, որ Համաձայն ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի՝ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Կառավարության ղեկավարը,  դիմելով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին,  նշել է. «Այսինքն՝ ըստ էության ի՞նչ է ստացվում, որ մեր Սահմանադրության մեջ խտրականությունն արգելող շատ հստակ հոդված կա, բայց մյուս կողմից մենք տարբեր ահազանգեր ենք ստանում, որ խտրականության տարբեր դրսևորումներ աշխատաշուկայում, այնուամենայնիվ, տեղի են ունենում: Այսինքն՝ Սահմանադրության այն հոդվածը, որ մենք ունենք, բավարա՞ր է, թե՞ այնուամենայնիվ, մենք օրենսդրության մեջ ինչ-որ փոփոխություններ պիտի անենք»:

Արման Թաթոյանը նշել է, որ իրականում սեռով և տարիքով պայմանավորված խտրականության դրսևորումներ կան՝ հատկապես կանանց հետ կապված: Ըստ ՄԻՊ-ի՝ «Աշխատանքային օրենսգրքի» ընդհանուր դրույթները հաճախ հնարավորություն չեն տալիս, որ առավել արդյունավետ պաշտպանություն իրականացնել:

«Այսինքն՝ մենք ընդունում ենք, որ օրակարգում այսպիսի հարց կա, բայց միայն տարիքով սահմանափակելը կնշանակի, որ մյուս դեպքերում խտրականություն թույլատրվում է անուղղակիորեն: Եթե ասում ես՝ այս մի դեպքով չի կարելի խտրականություն անել, ավտոմատ ենթադրվում է, կամ առնվազն կարող է մեկնաբանվել, որ մյուս դեպքերով կարելի է անել: Եթե գնում ենք այս ճանապարհով, ուրեմն պետք է հստակ սահմանենք բոլոր դեպքերը, որտեղ մենք ասում ենք, որ խտրականությունն արգելվում է, սահմանադրական շրջանակն ընդգրկող տրամաբանություն պետք է դրվի օրենսդրության մեջ: Կարծում եմ, որ այս առումով նաև հեղինակի հետ կարելի է աշխատել, որպեսզի ամբողջական տեսքի բերվի»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:  

Կառավարությունը քննարկել է նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է, մասնավորապես,   ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի՝ տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալու և Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին հայտարարություն ստորագրելու վերաբերյալ դրույթները, կենսաթոշակը լիազորագրով վճարել 15 տարի` գործող օրենքով նախատեսված 1 տարվա փոխարեն և այլն: Գործադիրն առաջարկում է  նախագծերով քննարկվող գործող օրենքների հոդվածները թողնել անփոփոխ՝ ներկայացնելով մի շարք դիտարկումներ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնել է նաև, որ մշակվում է համանման մի նախագիծ, որով պարտադիր չի լինի կենսաթոշակառուի ողջ լինելը հավաստելու համար նրա այցելությունը բանկ. դա կարող է իրականացվել սոցիալական աշխատողի կամ բանկի աշխատակցի միջոցով:

Անդրադառնալով քննարկվող հարցին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ անհասկանալի են այն նախագծերը, որոնք առաջարկում են ետ գնալ: «Ընդհանուր առմամբ այս իրավիճակն ինչի՞ց է առաջացել: Այս ամեն ինչն առաջացել է այն բանի արդյունքում, երբ պարզվել է, որ Հայաստանում տասնյակ հազարով թոշակառուներ կան, որոնք գոյություն չունեն, և որոնք թոշակ են ստանում, և դրա արդյունքում պետությանը միլիարդների վնաս է պատճառվել: Հիմա մենք առաջարկում ենք կրկին մեխանիզմ ստեղծել, որ նորի՞ց միջանցքներ թողնենք, որ այդ նույն բանը տեղի ունենա՞: Սա անհասկանալի տրամաբանություն է: Այսինքն՝ 10 տարի անցավ, բոլորս մոռացանք ամեն ինչ, նորից սկսում ենք զրոյից: Ես բացարձակապես չեմ ընդունում այդ տրամաբանությունը: Պետք է մարդկանց օգնել, որ այդ հավաստագրումն իրենց համար ավելի հեշտ տեղի ունենա, բայց դա պետք է անել առաջ գնալու ճանապարհով, ոչ թե ետ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

 Վարչապետն ընդգծել է, որ 21-րդ դարում անհրաժեշտ է գտնել  տեխնոլոգիական լուծումներ՝ մարդու գոյություն ունենալու կոնկրետ փաստն արձանագրելու համար. «Միայն տեխնոլոգիաների կիրառմամբ, ուրիշ որևէ տարբերակ, որ մարդկային գործոնով պետք է մենք դա ստուգենք, ուղղակի անընդունելի է: Միայն թվայնացման շրջանակում, միայն տեխնոլոգիայի ճանապարհով, միայն առաջ գնալու ճանապարհով:  Ընդհանրապես մեր մարտավարությունն ու ռազմավարությունն ինովացիան է, կառավարության ծրագրում դա գրված է: Մենք չենք կարող լուծում առաջարկել, որն ինովացիա չի պարունակում»:

Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի, «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի, «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀօ րենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է նաև ջրամբարներից,  ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների ընթացքից: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրել է, որ  բավարար քանակով ջրային պաշարներ են կուտակվել և ապրիլ-հունիսին ջրի խնդիր հանրապետությունում չի լինի: Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը մանրամասներ է հայտնել ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների մասին՝ նշելով, որ   մեկնարկել են նաև ջրանցքների, գետերի հուների մաքրման աշխատանքները։

«Շատ կարևոր է արձանագրել, որ նախորդ տարվա հետ համեմատ բոլոր տեղերում մենք ունենք էական, շոշափելի ավելի պաշարներ:  Ընդ որում, այս տարվա առանձնահատկություններից է այն, որ այդ ջրամբարների լցվելու պրոցեսը դեռ կանգնած չէ: Այսինքն՝ շատ տեղերում, լեռներում դեռ ձյուն կա: Մեր խնդիրն է՝ ջուրը ճշգրիտ մատակարարել և  հասցնել գյուղացիներին»,-ասել է վարչապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել