Պարզվում է՝ պետական գնումով ինչ-որ անորակ ծառայություն է ձեռք բերվել. Նիկոլ Փաշինյան

Այսօր` մայիսի 2-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գնման գործընթացների շրջանակում բացահայտված խնդիրները կանոնակարգելու անհրաժետությամբ պայմանավորված կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Հիմնավորման համաձայն՝ առկա կարգավորումները բավարար չափով չեն ապահովում գնման գործընթացների արդյունավետվությունը  և ընթացակարգերին մասնակցելու գրավչությունը, այդ թվում՝ փոքր և սկսնակ բիզնեսի համար, հրավերներով մասնակիցներին ներկայացվում են ձևական պահանջ կրող պայմաններ, պայմանագրերի կատարման շրջանակում մասնակիցները հնարավորություն են ստանում ցուցաբերելու ոչ պատշաճ վարքագիծ վտանգելով ծրագրերի լիարժեք իրականացումը: Ըստ այդմ՝ առաջարկվող փոփոխությունները կնպաստեն  գործընթացների արդյունավետվությունը և ընթացակարգերին մասնակցելու գրավչության աստիճանը բարձրացնելուն հայտերի գնահատման փուլում մասնակիցներին ձևական պահանջներով չծանրաբեռնելուն, պայմանագրերի կատարման շրջանակում առաջացող հնարավոր ռիսկերը նվազեցնելուն, ինչպես նաև պատվիրատուների և գնահատող հանձնաժողովների կողմից հնարավոր սուբյեկտիվ որոշումների կայացումը բացառելուն:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ որոշմամբ նախատեսվում է սահմանափակել կանխավճարների տրամադրման հնարավորությունը, նախատեսված են կարգավորումներ խտրական պայմանների կիրառումը բացառելու համար,  մրցակցության և գրավչության աստիճանի բարձրացմանն ուղղված: Որոշմամբ նախատեսված է նաև վարչական վարույթների շրջանակում հետազոտական և փորձաքննական ծառայությունների ձեռքբերման ճկունության աստիճանի ապահովմանն ուղղված փոփոխություն և այլն: «Շատ հաճախ գնումների համակարգը և «Գնումների մասին օրենքով» սահմանված ընթացակարգերը դիտարկվում են որպես ամենացածրարժեք ապրանքների, ծառայությունների, աշխատանքների ձեռքբերմանն ուղղված կարգավորումներ: Առնվազն՝ այդպես են մեկնաբանվում: Եվ դրանից բխող՝ մրցութային պահանջները սահմանվում են ցածրարժեք ապրանքներին համապատասխան: Հետևաբար, նաև ձեռքբերումները չեն կարող լինել դրան ոչ համարժեք: Լավագույն դեպքում մենք պետք է հենց այդ ցածրաժեք գնման առարկանները ձեռք բերենք: Մինչդեռ գործող օրենքը սահմանում է նաև մոտեցումներ, որոնք հնարավորություն են տալիս ձեռք բերել հատուցման դիմաց լավագույն արժեք: Այսինքն՝ միայն գնային  ցուցանիշներով չէ, որ անհրաժեշտ է առաջնորդվել. ոչ գնային չափորոշինչներ սահմանելու, միջազգային ստանդարտների, կյանքի ցիկլի հիման վրա գնառաջարկի կիրառելու ուղղությամբ նույնպես կարգավորումներ կան: Այնսինքն՝ դա նշանակում է, որ այն մեկնաբանությունը, որ գնումների մասին օրենսդրությունը կամ գնումների համակարգը նպատակաուղղված է միայն ցածր գնով և դրան համարժեք որակի գնման առարկաններ ձեռքբերելուն, այնքան էլ չի համապատասխանում եղած կարգավորմանը»,-ասել է նախարարը:

Կառավարության ղեկավարը,  անդրադառնալով միայն գնային ցուցանիշներով առաջնորդվելու խնդրին, նշել է. «Պարոն Ջանջուղազյան, Ձեր վերջին դիտարկումը հատկապես շատ կարևոր է, որովհետև մենք ամենօրյա ռեժիմով բախվում ենք այդ կարգի հարցերի հետ: Պարզվում է՝ պետական գնումով ինչ-որ անորակ ծառայություն է ձեռք բերվել: Հարց՝ ինչու է այդ ծառայությունը ձեռք բերվել, որովհետև մրցույթում ամենաէժան գինն իրենք են առաջարկել: Եվ տպավորությունն այնպիսին է, որ այդ մրցույթում եթե ձրի առաջարկեն՝ կհաղթեն: Այնպես որ Ձեր վերջին դիտարկումը շատ կարևոր է, որ ցածր գին, չի նշանակում այնպիսի ցածր գին, որը երաշխավորում է ծառայության կամ մատակարարման անորակությունը: Ցածր գին նշանակում է մեզ անհրաժեշտ որակով, բայց հնարավորինս էժան գնով: Սա շատ կարևոր է: Գիտեք,  անընդհատ խոսում ենք գնումների մասին օրենսդրության մասին, քննարկում ենք այդ հարցը և պարզվում է, որ այնտեղ հնարավորություններն այնքան սահմանափակ չեն, ինչքան դրա մասին ասվում է: Կարծում եմ՝ մենք խնդիր ունենք ոչ միայն օրենսդրությունը բարեփոխելու, այլև նաև որոշակի դասընթացներ կազմակերպելու այն մարմինների և պաշտոնյաների համար, որոնք գնումների գործընթացն իրականացնում են: Շատ դեպքերում վստահ չեմ, որ մարդիկ բացում օրենքո՞վ են նայում, թե՞ իրար զանգելով, պրակտիկան իմանալով՝ մոտավորապես առաջնորդվում են»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել