Կառավարությունը ԱԺ-ի հետ համատեղ կքննարկի կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելու հարցը

Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորների ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկությունների նախագծերի մասին նախագիծը:

Նախագծով առաջարկվում է քրեականացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը: Նախարարը նշեց, որ բովանդակային առումով համաձայն լինելով կարծում են, որ պետք է խնդիրը լուծել համապարփակ ձևով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ գաղափարի առումով ընդունելի նախագիծ է. «Բայց չափանիշները պետք է շատ հստակ լինեն, որ այնպիսի իրավիճակի առաջ չկանգնենք, որ, օրինակ, մարդն իր բակում, ասենք, ծննդյան օրվա առիթով գառ է մորթել, գնանք քրեական գործ հարուցենք»:

Վարչապետը նշեց, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի բազմաթիվ օրինակներ կան: Նա հիշեց, որ նման դեպքի ականատես եղել է քրեակատարողական հիմնարկում:

«Երբեմն կենդանիներին, օրինակ, հրաձգարանի զվարճանքի համար թիրախ են դարձնում, բազմաթիվ են դեպքերը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության նիտին ներկաները տարբեր օրինակներ բերեցին կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերից, որին Նիկոլ Փաշինյանը այսպես արձագանքեց. «Ժողովուրդ ջան, էս ինչքան խորացանք»:

Որոշում ընդունվեց Ազգային ժողովի հետ համատեղ քննարկել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելու հարցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել