Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կառավարության հավանությանն է ներկայացրել օրինագիծ, որով առաջարկում է սահմանել. «Աշխատողի տարիքը չի կարող հանդիսանալ օրինական արգելք կամ պատճառ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար, բացառությամբ այլ օրենքներով կարգավորվող դեպքերի:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենսգրքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ստորև ներկայացված հանգամանքները:
- Նախագծով առաջարկվող կարգավորումը իր բովանդակությամբ չի համապատասխանում Օրենսգրքի 94-րդ հոդվածի բովանդակությանը և այդ հոդվածով ամրագրվող կարգավորումներին, որը վերաբերում է աշխատանքային պայմանագրի տեսակներին և ըստ էության սահմանում, որ աշխատանքային պայմանագրերը կարող են լինել երկու տեսակի՝ անորոշ ժամկետով և որոշակի ժամկետով:
- Միայն տարիքին վերաբերող մասով արգելքի առանձին դրույթ սահմանելը ընդունելի չէ, քանի որ այդ պարագայում անհրաժեշտ կլինի Օրենսգրքում նման արգելք սահմանել նաև սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի և այլ հանգամանքներով պայմանավորված ևս:
- Համաձայն ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի՝ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց աշխատանքներ տանել նախագծի վրա և ավելի ամբողջական ներկայացնել այն. «Մենք ընդունում ենք, որ մեր օրակարգում այսպիսի խնդիր կա, բայց դեպքերը չնշելը կնշանակի, որ մյուս դեպքերում խտրականությունը թույլատրվում է»: