Դատապարտյալը կարող է կարճաժամկետ մեկնել ՔԿՀ-ից՝ գրքերի ընթերցանության դեպքում. նախագիծ

Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բարգրատյանը քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ է ներկայացրել:

Նախագծով առաջարկվում է ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով գրքերի ընթերցանության դեպքում դատապարտյանին, որպես խրախուսանքի միջոց, տրամադրել  սոցիալական վերականգնման նպատակով կարճաժամկետ մեկնում:

Հիշեցնենք, որ օրենքգրքի համաձայն՝ կարճաժամկետ մեկնում տրամադրվում է ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ՝ հաշվի առնելով դատապարտյալի անձը և նրա դրսևորած վարքագիծը, կատարած հանցագործության ծանրության աստիճանը, ինչպես նաև պատիժը կրելու ժամկետը: Դիմումը կարող է մերժվել ուղղիչ հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ:

Անձնական բացառիկ հանգամանքների կապակցությամբ կարճաժամկետ մեկնում տրամադրելու դիմումը քննարկվում է մեկ օրվա ընթացքում, իսկ սոցիալական վերականգնման նպատակով՝ եռօրյա ժամկետում։

Կարճաժամկետ մեկնման ժամանակը հաշվվում է պատիժը կրելու ժամկետի մեջ։

Ծախսերը հոգում է դատապարտյալը, իսկ եթե նա անվճարունակ է, ապա մեկնումների հետ կապված ծախսերը կարող են կատարվել պետության հաշվին: Սահմանված ժամկետում ուղղիչ հիմնարկ վերադառնալուց խուսափող դատապարտյալը ենթակա է քրեական պատասխանատվության։

Դատապարտյալին կարճաժամկետ մեկնումներ տրամադրելու կարգը սահմանվում է ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:

Հիմնավորման մեջ պատգամավորը վկայակոչել է միջազգային փորձը:

«Մի շարք պետություններում գոյություն ունեն քրեակատարողական հիմնարկներում ընթերցանությունը խրախուսող մեխանիզմներ: Մասնավորապես, Բրազիլիայում 2011թ. ընդունվել է օրենք, որի համաձայն յուրաքանչյուր ընթերցված գրքի դիմաց ազատազրկման դատապարտված անձի ազատազրկման ժամկետը կրճատվում է 4 օրով, բայց ոչ ավելի, քան տարվա մեջ 48 օր: Մեկ գիրք կարդալու համար նրանց տրամադրվում  է 21-30 օր, որից հետո նրանք պետք է գրեն գրքի բովանդակությունը ամփոփող շարադրություն կամ էսսե: Ընդ որում՝ շարադրանքը պետք է ունենա քերականական ու տրամաբանական ճիշտ կառուցվածք եւ արտահայտի  գրքում արծարծվող հիմախնդիրները եւ կարեւոր շեշտադրումները դատապարտյալի կողմից ըմբռնելու փաստը: Իտալիայի Կալաբրիի տարածաշրջանային կոմիտեն եւս ընդունել է նախագիծը, որով նախատեսվում է գրքեր կարդալու դիմաց կրճատել պատժի  ժամկետը յուրաքանչյուր գրքի դիմաց 3 օրով: Մեկ տարում այս եղանակով կարելի է կրճատել մինչեւ 48 օր, որից բխում է, որ բանտարկյալը կարող է 1 տարվա  ընթացքում 16 գիրք կարդալ:

Կարդացած գրքերի դիմաց կարճաժամկետ մեկնման տրամադրումը՝ որպես խրախուսանքի միջոց նախատեսումը հնարավորություն կտա քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց արդյունավետորեն օգտագործել իրենց ազատ ժամանակը, իսկ ընթերցանության արդյունքում ձեռք բերված գիտելիքները հնարավորություն կտան ավելի հեշտ եւ արագ վերաինտեգրվել հասարակությանը: Ի լրումն ասվածի, առաջարկվող խրախուսանքի միջոցի նախատեսումը կընդգծի քրեակատարողական օրենսդրության մարդասիրական ուղղվածությունը՝ նպաստելով դատապարտյալի իրավահպատակ վարքագծի ձեւավորմանը, սեփական անձը եւ շրջապատողներին հարգելու ունակության ձեւավորմանը, ինչպես նաեւ կօգնի ընթերցանության միջոցով չեզոքացնել կամ նվազագույնի հասցնել դատապարտյալների միջավայրին ներհատուկ սոցիալ-հոգեբանական բացասական երեւույթները»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել