Կառավարությունը այսօր՝ մայիսի 2-ին, որոշում կընդունի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրինագծի վերաբերյալ:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է կարգավորել հետևյալ հարցերը:
Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 29-րդ հոդվածի 7.1-ին մասը, որով սահմանվում է Երևանի ավագանու նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը: Այս կետը համարում ենք անընդունելի հետևյալ պատճառաբանությամբ.
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ավագանու նիստը հրապարակային է: Ավագանու հրապարակային նիստերն առցանց հեռարձակվում են Երևանի պաշտոնական համացանցային կայքում: Նույն հոդվածի 5-7-րդ մասերով սահմանված են ավագանու նիստերին մասնակցելու, ելույթ (այդ թվում՝ արտահերթ) ունենալու, հարցերին պատասխանելու, իսկ 7.1-րդ մասով՝ հրապարակային նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը:
Օրենքով ավագանու նիստերին մասնակցելու և ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց շրջանակի հստակ ամրագրումն ինքնանպատակ չէ, այլ ուղղված է ավագանու նիստի բնականոն ընթացքի ապահովմանը, ինչը կարող է խոչընդոտվել ավագանու նիստերին մասնակցության մուտքը ցանկացած քաղաքացու համար ազատ լինելու դեպքում: Հատկանշական է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ համայնքի ավագանին նիստին կարող է հրավիրել և լսել ցանկացած անձի: Այսինքն՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը ևս ամրագրել է ավագանու նիստերին միայն համայնքի ավագանու կողմից հրավիրված լինելու դեպքում ցանկացած անձի մասնակցության սկզբունքը: Ընդ որում, նշված կարգավորումը վերաբերում է բոլոր համայնքներին՝ անկախ տվյալ համայնքի բնակիչների թվաքանակից:
Ինչ վերաբերում է Նախագծի հիմնավորման մեջ վկայակոչվող՝ համայնքային նշանակության հարցերի քննարկման հրապարակայնությունն ապահովելու անհրաժեշտությանը, ապա կառավարությունը նշում է, որ հարկ է նկատի ունենալ, որ նիստի ընթացքի մասին հանրության տեղեկացված լինելու իրավունքը լիարժեք կարող է ապահովվել նիստերի առցանց հեռարձակման միջոցով, որպիսի հնարավորությունն արդեն իսկ նախատեսված է օրենքով:
Վերոնշյալը նկատի ունենալով նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանափակվել է ավագանու նիստերի անցկացման բնականոն ընթացքն ապահովելու, ինչպես նաև անվտանգությունն ապահովելու նկատառումներից և այդ առումով գտնում ենք, որ այդ սահմանափակումն արդարացված է:
Վերոգրյալով պայմանավորված կառավարության համար մասնակի ընդունելի չէ նախագծի 1 հոդվածի 2-րդ կետը, որն առաջարկում է շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7.2 Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս իրավունք ունեն ներկա գտնվելու ավագանու հրապարակային նիստերին՝ ավագանու նիստերի դահլիճին անմիջապես կից առանձնացված տեղում, որտեղից ուղղակիորեն տեսանելի և լսելի է ավագանու նիստը:»
Հաջորդ հոդվածով առաջարկվում է վերացնել Երևանի քաղաքապետի՝ Երևանի քաղաքապետարանում լրագրողների հավատարմագրման, ինչպես նաև Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում մամուլի ասուլիսների, ճեպազրույցների անցկացման կարգերը սահմանելու լիազորությունը, ինչը կառավարությունը համարել է ընդունելի: