Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ապրիլի 30-ին մասնակցել է «Դատական գործերի փաստաթղթերի թվայնացում և էլեկտրոնային դատարանների համակարգի ներդրում Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի ավարտական միջոցառմանը: Վերջինին մասնակցել են նաև ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, դատավորներ, այլք: Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի կողմից՝ Բարձրագույն Դատական Խորհրդի հետ սերտ համագործակցությամբ: Ծրագրի շրջանակում ստեղծվել է E-court համակարգը։
Նախարար Զեյնալյանը, կարևորելով ժամանակի հրամայականը բավարարող էլեկտրոնային համակարգերի ստեղծումը, նշել է, որ այդ առումով Արդարադատության նախարարությունը դրական փորձառություն ունի. դեռևս 2008 թվականից Նախարարության կողմից մշակվել և ներդրվել են մեկ տասնյակից ավելի էլեկտրոնային համակարգեր: «Էլեկտրոնային դատարան համակարգն այն համարձակ նորարարությունն է, որ Արդարադատության նախարարությունը նախաձեռնեց ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ: Ծրագրի գործարկման արդյունքում ակնկալում ենք, որ դատարանները կներկայանան նոր հեղափոխական մոդելով, մասնավորապես, կիրականացվեն մի շարք բարեփոխումներ»,- ասել է Արտակ Զեյնալյանը՝ այդ շարքում կարևորելով քաղաքացիական գործերով էլեկտրոնային հայցադիմում ներկայացնելու հնարավորության ստեղծումը, մեկ ատյանի դատարանից մյուս ատյանի դատարան գործը էլեկտրոնային եղանակով փոխանցելու հնարավորությունը, դատարանների ներքին փաստաթղթաշրջանառության անցումը էլեկտրոնային եղանակի, էլ. եղանակով գործի բոլոր նյութերին ծանոթանալու տեխնիկական հնարավորությունը, Էլեկտրոնային ծանուցումների համակարգի ներդրումը, որը թույլ կտա գործարկել դատարանների և կողմերի միջև էլեկտրոնային ծանուցման բոլոր հնարավորությունները, փաստաբանների էլեկտրոնային ռեեստրի ստեղծումն ու էլեկտրոնային դատարան համակարգի համակցումը բոլոր անհրաժեշտ էլեկտրոնային կառավարման համակարգերին: «Մենք գիտենք, որ ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է: Մենք պետք է ոչ միայն դատարան «մուտք գործելը» դարձնենք մատչելի, այլև այնտեղից «դուրս գալը», որպեսզի արագ վրա հասնի վեճի հանգուցալուծումը»,- նշել է արդարադատության նախարարը՝ հավելելով, որ ծրագրեր են իրականացվում դատարանները բեռնաթափելու նպատակով: Նրա խոսքով՝ արդյունավետ կառավարման գիտակարգը հանգել է հետևյալ բանաձևին՝ 100 հազար բնակչի հաշվարկով պետք է լինի 21 դատավոր, իսկ այսօր Հայաստանում դրանց թիվը 7-ն է, և Հայաստանը Եվրոպայի խորհրդում եզրափակիչն է: Նախարարը նշել է, որ այս առումով դեռ անելիքներ կան:
Ծրագրի նպատակն է մշակել և ներդնել էլեկտրոնային դատարանների, այդ թվում՝ էլեկտրոնային հայցերի ներկայացման համակարգ, որը կապահովի առցանց հաղորդակցություն դատարանների և դատարանից օգտվողների միջև, կբարելավի դատական գործերի նյութերին և դատական տեղեկատվությանն առավել լայն հանրային հասանելիությունը, կնպաստի դատավարական գործընթացների դյուրացմանը, արագացմանը և ծախսերի նվազեցմանը: Ներկա փուլում նախատեսվում է հայցերի համակարգը ներդնել մեկ դատարանում՝ «Վճարման կարգադրություն» տեսակի գործերի մասով։ Թեստավորման արդյունքների հիման վրա համակարգը կբարելավվի և աստիճանաբար կներդրվի բոլոր դատարաններում`քաղաքացիական բոլոր վարույթներով: Այս կերպ հնարավոր է ապահովել գործող համակարգից նորին սահուն անցումը: E-court համակարգը զգալիորեն կբարձրացնի քաղաքացիների դատական տեղեկատվության մատչելիության մակարդակը, դատարանների հաշվետվողականությունը, դատական որոշումների կանխատեսելիությունը, դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը: