Կառավարությունը կների բռնադատվածներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով հատկացված արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկի գումարների դիմաց հաշվարկված տույժերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկում է 2002-2012 թվականների պետական բյուջեներով նախատեսված միջոցների հաշվին բռնադատվածներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով հատկացված արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկի գումարների՝ վարկառուների մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը չվճարված մնացորդային մասը և ժամկետանց պարտավորությունների դիմաց հաշվարկված տույժերը ներել:

Նախագծի հեղինակները նշում են, որ սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ համաձայն «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 20-ի «Բռնադատվածների կամ նրանց առաջին հերթի ժառանգների կողմից բնակարանային անհատական շինարարության նպատակով կամ անավարտ բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու, ինչպես նաև բնակարան ձեռք բերելու կամ վերանորոգելու համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ ստանալու համար քաղաքացիների դիմումները հաշվառելու, քննարկելու, ինչպես նաև հայտ ներկայացնելու և վարկ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 410 որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարկեր ստացած անձանց ճնշող մեծամասնությունը սոցիալապես անապահով և տարեց անձինք են և օբյեկտիվորեն հնարավորություն չունեն իրականացնելու իրենց վարկային պարտավորությունները:

2002-2012 թվականների պետական բյուջեներով հաստատված միջոցների շրջանակում բռնադատվածի և բռնադատվածի առաջին հերթի ժառանգի (այսուհետ՝ բռնադատված) կարգավիճակ ունեցող 303 քաղաքացու բնակարանային պայմանները բարելավելու (բնակարանային անհատական շինարարության նպատակով կամ անավարտ բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու, ինչպես նաև բնակարան ձեռք բերելու կամ վերանորոգելու համար) նպատակով տրամադրվել է արտոնյալ պայմաններով երկարաժամկետ՝ 25 տարի մարման ժամկետով 1 տոկոս տոկոսադրույքով վարկ՝ 1, 272, 094, 607 դրամ ընդհանուր գումարով:

«Հաշվի առնելով վարկառուների սոցիալական վիճակը,  ՀՀ կառավարության կողմից 30.12.2010թ. և 20.01.2013թ. ընդունվել են վարկերի մարման ժամկետները երկարաձգելու վերաբերյալ համապատասխանաբար NN 1743-Ն և 1203-Ն որոշումները, որոնց հիման վրա երկարաձգվել են վարկային պարտավորությունների գծով սահմանված վճարման ժամկետները, ամբողջ ծավալով զիջվել են վարկերի գծով ինդեքսավորման ենթակա գումարները, ինչպես նաև մինչև վերը նշված որոշումների ուժի մեջ մտնելը հաշվարկված ժամկետանց պարտավորությունների դիմաց հաշվարկված տույժերը:

10.09.2018 թվականի դրությամբ վարկառուների կողմից մարվել է  201,248,968 ՀՀ դրամ գումարի չափով հիմնական գումար և վճարվել  43,212,535 ՀՀ դրամ գումարի չափով տոկոսագումար:

Թվով 19 վարկառուի կողմից վարկային պարտավորությունները՝ 58 մլն դրամ գումարի չափով ամբողջ ծավալով ժամկետից շուտ մարվել են, իսկ թվով 262 վարկառուներին տրամադրված վարկի գծով ժամկետանց պարտավորությունների ընդհանուր ծավալը 10.09.2018 թ. դրությամբ կազմում է 343,138,920 ՀՀ դրամ, որից 230, 130,276 ՀՀ դրամը՝ վարկի մայր գումար,  36,662,626 ՀՀ դրամը՝ տոկոսագումար, իսկ  76,346,018 ՀՀ դրամը՝ ժամկետանց գումարի նկատմամբ հաշվարկված տույժ:

Ընդ որում 114 վարկառուի կողմից վարկային պարտավորության գծով ոչ մի վճարում չի կատարվել:

Խնդիրն այն է, որ վարկառուների հիմնական մասը տարեց և սոցիալապես անապահով անձինք են  և օբյեկտիվորեն հնարավորություն չունեն կատարելու իրենց վարկային պարտավորությունները»,-նշում է նախարարությունը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել