Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարություն է տարածել՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի հնչեցրած մտքերից մեկի վերաբերյալ:
«Այսօր ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ (պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցված) Դավիթ Սանասարյանի և նրա պաշտպանների ասուլիսի ընթացքում փաստաբան Ինեսա Պետրոսյանը, ակնհայտորեն դուրս գալով պատշաճության և էթիկայի սահմաններից, իրեն թույլ է տվել ՀՀ գլխավոր դատախազին ուղղված ոչ կոռեկտ արտահայտություններ, որոնք հարիր չեն ոչ միայն պրոֆեսիոնալ իրավաբանին, այլև բարեկրթության տարրական կանոններին տիրապետող ցանկացած անձի:
Հարգելի գործընկերոջը հիշեցնում ենք, որ հրապարակային ելույթներում զգացմունքային զեղումներով համեմված անհիմն պնդումներով հանդես գալը որևէ աղերս չունի փաստաբանի կողմից իր պաշտպանյալի իրավունքները օրենքով նախատեսված բոլոր միջոցներով պաշտպանելու սկզբունքի և պրոֆեսիոնալիզմի հետ: Ուստի հորդորում ենք նման ցածրորակ միջոցներով հանրային կարծիքը գլխավոր դատախազի դեմ ուղղորդելու փորձերի փոխարեն զբաղվել իր իրավասությունների ու գործառույթների շրջանակում իր վստահորդի շահերի իրական պաշտպանությամբ»,-նշված է հայտարարության մեջ: