ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող անձանց հանձնելու մասին 51 միջնորդություն է ուղարկվել. դատախազություն

Մայիսի 2-ին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին կներկայացնի դատախազության 2018 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Դատախազությունից Իրավաբան.net-ին հայտնում են, որ 2018 թվականի ընթացքում ուղարկվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից հետախուզվող անձանց հանձնելու մասին 51 միջնորդություն (2017թ.՝ 66), որոնցից 27-ն ուղարկվել է ԱՊՀ մասնակից պետությունների (2017թ.՝ 50), իսկ 24-ը՝ այլ օտարերկրյա պետությունների (2017թ.՝ 16) իրավասու մարմիններին:

ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազների կողմից ուսումնասիրվել են Հայաստանի Հանրապետության քրեական հետապնդման մարմինների կողմից հետախուզվողների հայտնաբերման մասին ստացված տեղեկությունների հիման վրա պահանջված փաստաթղթերի փաթեթները, անճշտությունների, թերությունների առկայության դեպքում պահանջվել են դրանց լրամշակված տարբերակները, իսկ անհրաժեշտության դեպքում, օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից հանձնման միջնորդությունների քննարկման ընթացքում, միջազգային պայմանագրերի համաձայն, հայցվել ու տրամադրվել են լրացուցիչ տեղեկություններ ու փաստաթղթեր:

Այս գործընթացի ճիշտ կազմակերպման արդյունքում նվազագույնի են հասցվել հանձնման միջնորդությունների անհիմն մերժման դեպքերը:

Այսպես.

Հաշվետու ժամանակահատվածում ուղարկված 51 հանձնման միջնորդությունից 16-ը բավարարվել է (2017թ.՝ 27), 7-ը՝ մերժվել (2017թ.՝ 11), 28-ը քննարկման փուլում են: 2018թ. ընթացքում բավարարվել է նաև նախկինում ներկայացված 16 հանձնման միջնորդություն:

Կրկնակի /12-25/ աճել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից հետախուզվող և Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված այն հետախուզվողների թիվը, որոնց նկատմամբ հայցող պետության իրավասու մարմինների կողմից որպես խափանման միջոց է ընտրված եղել կալանավորումը: Հետևաբար կրկնակի ավելացել է նաև ստացված հանձնման մասին միջնորդությունների թիվը:

Օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված նման 25 միջնորդությունից (2017թ.՝ 12) բավարարվել է 12-ը, մերժվել՝ 3-ը, 4-ն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն, իսկ 6-ը 2019թ. հունվարի 1-ի դրությամբ եղել են քննարկման փուլում:

Պետք է փաստել, որ շարունակաբար աճում է օտարերկրյա պետությունների կողմից հետախուզվող և Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված ու կալանավորված անձանց թիվը: 2019թ. հունվարի դրությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տարբեր քրեակատարողական հիմնարկներում պահվել է դատախազների միջնորդությամբ  կալանավորված 25 հետախուզվող (2017թ.՝ 15):

Աճել է նաև օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից հետախուզվող և Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված այն հետախուզվողների թիվը, որոնց նկատմամբ հայցող պետության իրավասու մարմինների կողմից որպես խափանման միջոց է ընտրված եղել չհեռանալու մասին ստուրագրությունը կամ կալանավորման հետ չկապված այլ խափանման միջոց: ՀՀ գլխավոր դատախազությունում հաղորդում է ստացվել ՀՀ-ում հայտնաբերված՝ այլ երկրների կողմից հետախուզվող 189 անձի վերաբերյալ (2017թ.՝ 140):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել