Մայիսի 2-ին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին կներկայացնի դատախազության 2018 թվականի գործունեության մասին հաղորդումը:
Դատախազությունից Իրավաբան.net-ին հայտնում են, որ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում, ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում, ՀՀ առողջապահության նախարարության հոգեբուժական հաստատություններում պահվող անձանց կողմից 2018 թվականի ընթացքում արձանագրվել է ինքնավնասման 652 դեպք, որոնց պատճառները հիմնականում կապված են եղել քրեական գործերի, տեղաբաշխման, անձնական խնդիրների հետ, որոշ դեպքերում ինքնավնասումը կատարվել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում, որոշ դեպքերում էլ ներկայացվել են անօրինական պահանջներ:
Յուրաքանչյուր ինքնավնասման դեպքով նախապատրաստվել են նյութեր, ինչպես նաև իրականացվել են սոցիալ-հոգեբանական բնույթի աշխատանքներ, մասնավորապես` ՔԿՀ հոգեբանի կողմից կատարվել են հոգեբանական աշխատանքներ, որի արդյունքում կազմվել է հոգեբանական եզրակացություն ինքնավնասման հնարավոր դրդապատճառների և վարքի հետագա կանխատեսումների վերաբերյալ, ինչպես նաև իրականացվել են համապատասխան աշխատանքներ հետագայում անձի կողմից ինքնավնասման փորձերը կանխելու ուղղությամբ:
Տարված աշխատանքների արդյունքում 2018 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում կանխվել է ինքնավնասման 190 դեպք:
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ոլորտը սպասարկող դատախազներին հանձնարարվել է հանդիպել քրեակատարողական հիմնարկներում գտնվող հացադուլ հայտարարած, ինչպես նաև ինքնավնասում կատարած անձանց, պարտադիր նախաձեռնել վերը նշված անձանց՝ սահմանված կարգով հարցման ենթարկելու գործընթաց՝ նման ծայրահեղ միջոցի դիմելու պատճառները պարզելու համար: Եթե հարցման արդյունքում պարզվի, որ նման վարքագիծը պայմանավորված է այդ անձանց վերաբերյալ քննվող կամ քննված քրեական գործերով կատարված դատավարական գործողություններով, ապա հարցման արձանագրության օրինակն անհապաղ անհրաժեշտ է ուղարկել տվյալ գործով անմիջական դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն մանրամասն քննարկման առարկա դարձնելու և հացադուլ հայտարարած, ինչպես նաև ինքնավնասում կատարած անձանց՝ օրենքով սահմանված իրավունքների պատշաճ ապահովումն երաշխավորելու նկատառումներով:
Հարկ է նշել, որ Կանոնակարգի՝ հացադուլ հայտարարած անձանց վերաբերող պահանջների խախտումներ են արձանագրվել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացված ստուգման արդյունքում: Մասնավորապես պարզվել է, որ չեն պահպանվել Կանոնակարգի 173.7 և 173.8 կետերի պահանջները, որոնց համաձայն՝ հացադուլ իրականացնելու ժամանակահատվածում հացադուլ իրականացնող անձը գտնվում է մշտական (ամենօրյա) բժշկական հսկողության ներքո: Բժիշկը հացադուլ իրականացնող անձին, նրան հասկանալի լեզվով, ներկայացնում է սննդամթերքից և (կամ) ջրից հրաժարվելու հետևանքով առողջական վիճակի հետագա վատթարացման ռիսկերը և այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն հացադուլ իրականացնողի առողջական վիճակի չվատթարացման նպատակով: Մինչև հացադուլի դադարեցումը բժիշկը յուրաքանչյուր օր պարզում է հացադուլ իրականացնող անձի կողմից սննդամթերքի և (կամ) ջրի ընդունումից հրաժարվելու հետևանքով գիտակցության մթագնման կամ կորստի, ինչպես նաև կոմայի մեջ ընկնելու դեպքում բժշկական օգնություն և սպասարկում (այդ թվում՝ արհեստական սնուցման ձևով) տրամադրելու վերաբերյալ համաձայնության առկայության կամ բացակայության հանգամանքը և դրա մասին կատարում գրառում նրա բժշկական քարտում:
Չեն պահպանվել նաև Կարգի 25-րդ և 43-րդ կետերի պահանջները, որոնց համաձայն հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի կամ բաժանմունքի կամ խմբի ղեկավարը պարտավոր է կազմակերպել բժշկական սպասարկման բաժնի կամ բաժանմունքի կամ խմբի մասնագետների ամենօրյա այցելություններ պատժախցում գտնվող կալանավորված անձանց կամ դատապարտյալներին` կատարելով նշումներ համապատասխան մատյանում: Պատժախուց փոխադրված կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ իրականացվում է ամենօրյա բժշկական հսկողություն` այցելությունների ընթացքում գանգատների ներկայացման և անհրաժեշտության դեպքում` մասնագիտական հետազոտության հիման վրա: Պատժախուց այցելության վերաբերյալ բժշկական անձնակազմի կողմից կատարվում են գրառումներ համապատասխան մատյանում։ Առողջական վիճակի վատթարացումը հիմք է կալանավորված անձին կամ դատապարտյալին բժշկի եզրակացության հիման վրա պատժախցից սահմանված կարգով դուրս բերելու համար: Վերոգրյալը վկայում է այն մասին, որ հացադուլ հայտարարած անձին մշտական /ամենօրյա/ բժշկական հսկողության տակ պահելուն ուղղված գործառույթներն ունեն կարևոր նշանակություն հացադուլավորի կյանքի ու առողջության պահպանման համար և այդ գործառույթները չիրականացնելը կարող է էական հարվածի տակ դնել հացադուլավորի և պատժախուց տեղափոխված անձի կյանքի և առողջության պահպանման իրավունքը:
Ազատությունից զրկման վայրերում գտնվող անձանց իրավունքների պատշաճ ապահովման նկատառումներից ելնելով՝ հարկ է նշել նաև ձերբակալված անձանց պահելու վայրում, քրեակատարողական հիմնարկում և հարկադիր բուժման վայրում պահվող անձանց մահվան դեպքերով արդյունավետ քննություն իրականացնելու պահանջի կարևորության մասին: Այդ նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ապահովել, որպեսզի ձերբակալված անձանց պահելու վայրում, քրեակատարողական հիմնարկում և հարկադիր բուժման վայրում պահվող անձի մահվան հանգամանքները պարզվեն բացառապես հարուցված քրեական գործով վարույթի ընթացքում՝ դատավարության մասնակիցների, հատկապես տուժողի իրավահաջորդի՝ օրենքով, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ կյանքի իրավունքի խախտումների, խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ նախադեպերով սահմանված իրավունքների երաշխավորմամբ:
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ուսումնասիրվել և ամփոփվել են նաև 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերի կողմից կալանավորված անձանց կամ դատապարտյալների նկատմամբ կիրառված տույժերի և խրախուսանքների վերաբերյալ կայացված որոշումների օրինականության և համաչափությունը: Արդյունքում հայտնաբերվել է 81 խախտում, որոնց վերաբերյալ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետին ուղարկվել է մեկ միասնական հաղորդում:
ՀՀ դատախազության դատախազները հաշվետու ժամանակաշրջանում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պայմանական վաղաժամկետ ազատումը վերացնելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու, ծանր հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ միջնորդությունների և դատարանի կողմից դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված այլ հարցերի վերաբերյալ գործերով մասնակցել են թվով 4327 դատական քննության /2017թ. ընթացքում՝ 3000/:
Վերը նշվածներից 1891-ը վերաբերում են դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելուն /2017թ.՝ 1082/, 12-ը՝ ՔԿՀ-ներում կատարված հանցագործություններով քրեական գործերով մեղադրանքի պաշտպանությանը, 30-ը՝ պատիժը կրելուց ծանր հիվանդության պատճառով ազատելուն /2017թ.՝ 16/, 110-ը՝ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելուն /2017թ.՝ 104/, 66-ը՝ հանրային աշխատանքներն ազատազրկմամբ փոխարինելուն /2017թ.՝ 45/, 604-ը՝ տուգանքը կամ տուգանքի չվճարած մասը հանրային աշխատանքներով փոխարինելուն /2017թ՝ 895/, 72-ը՝ պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի այլ միջոցների կիրառումը փոփոխելուն կամ դադարեցնելուն /2017թ.՝ 43/, 119-ը՝ հարկադիր բուժումը փոփոխելուն կամ այն դադարեցնելուն /2017թ՝ 83/, իսկ 1423-ը՝ դատարանի կողմից դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված այլ հարցերին /2017թ.՝ 732/, որոնցից 3-ը՝ դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը վերացնելու վերաբերյալ, 11-ը՝ մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ գործեր են:
2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 530 դատապարտյալ: Ընդ որում, եթե համեմատում ենք վերջին երեք տարիներին պատժից պայմանական վաղաժամկետ ազատված դատապարտյալների թվաքանակը, ապա դրական աճի միտումն ակնհայտ է: Այսպես, եթե 2016թ. պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 115 դատապարտյալ, ապա 2017թ.՝ 365 դատապարտյալ /250-ով կամ 217.4%-ով ավելի/, իսկ 2018թ.՝ 530 դատապարտյալ /165-ով կամ 45.2%-ով ավելի/:
Պետք է փաստել, որ 2016թ. հետ համեմատած 2017-2018թթ. ընթացքում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ քննված գործերի և կայացված դատական ակտերի թվի էական աճը, հիմնականում պայմանավորված է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացի ոլորտում 2017թ. մարտի 1-ին կատարված օրենսդրական բարեփոխումներով, որոնց արդյունքում էլ առավել երաշխավորվել է այս ոլորտում դատապարտյալների դատական պաշտպանության իրավունքը:
Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ գործերից 98-ով բերվել է վերաքննիչ բողոք /2017թ՝ 104/, որոնցից 40-ը բավարարվել է /2017թ՝ 27/, 10-ով բերվել է վճռաբեկ բողոք /2017թ՝ 3/, որոնցից 2-ը բավարարվել է, 6-ը՝ վերադարձվել է, իսկ 2-ի վերաբերյալ դեռ որոշումներ չեն կայացվել /2017թ. հաշվետու ժամանակաշրջանում կայացված որոշումներ չեն եղել/:
Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ գործերից 3-ով բերվել է վերաքննիչ բողոք /2017թ՝ 4/, 2-ով բերվել է վճռաբեկ բողոք, որից 1-ը բավարարվել է /2017թ. 0/:
Հարկադիր բուժումը փոփոխելու կամ այն դադարեցնելու վերաբերյալ բերվել է 4 վերաքննիչ բողոք /2017թ.՝ 10/:
Պատիժը կրելուց ծանր հիվանդության պատճառով ազատելու վերաբերյալ բերվել է 1 վերաքննիչ բողոք /2017թ.՝ 1/, որը բավարարվել է:
Տուգանքը կամ տուգանքի չվճարած մասը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ բերվել է 2 վերաքննիչ բողոք /2017թ.՝ 27/:
Հանրային աշխատանքներն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ բերվել է 5 վերաքննիչ բողոք /2017թ.՝ 1/, որոնցից 1-ը բավարարվել է /2017թ՝ 1/:
Այլ գործերից 20-ով բերվել է վերաքննիչ բողոք /2017թ. 19/, որոնցից 8-ը բավարարվել է /2017թ.՝ 4/, 1-ով բերվել է վճռաբեկ բողոք, որն էլ բավարարվել է /2017թ.՝ 0/:
ՀՀ դատախազության դատախազների կողմից ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունում կատարվել են 104 ստուգումներ և ուսումնասիրություններ (2017թ.` 132), որոնց արդյունքում հայտնաբերվել է 26 խախտում, կասեցվել է օրենսդրությանը հակասող մեկ ակտ:
ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունն ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման և պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ սահմանված վերահսկողության իրականացման վերաբերյալ 2018 թվականին ընթացք է տվել 6650 անձի վերաբերյալ կազմված անձնական գործերի: Դրանցից 3395-ը փոխանցվել է 2017 թվականից, իսկ 3255-ը կազմվել է հաշվետու տարում:
Հաշվետու ժամանակահատվածում կազմված գործերից 452-ը վերաբերում են ՀՀ քր.օր.-ի 52-րդ, իսկ 574-ը՝ ՀՀ քր. օր-ի 54-րդ հոդվածներով նշանակված պատիժների կատարմանը:
Սահմանված վերահսկողության իրականացման վերաբերյալ գործերից 2223-ը վերաբերում են ՀՀ քր.օր-ի 70-րդ, 725-ը՝ ՀՀ քր. օր-ի 76-րդ, 17-ը՝ ՀՀ քր. օր-ի 91-րդ, իսկ 14-ը՝ ՀՀ քր. օր.-ի 78-րդ հոդվածներով նախատեսված դեպքերին, 571 անձի վերաբերյալ կազմվել է զեկույց:
Հաշվետու ժամանակաշրջանում բռնագանձման ենթակա ընդհանուր գումարով 761.329.784 ՀՀ դրամի չափով 2074 տուգանքից փաստացի բռնագանձվել է 524-ը՝ 161.912.246 ՀՀ դրամի չափով: 958 գործ 357.899.338 ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով տուգանք բռնագանձելու վերաբերյալ կարճվել է՝ համաներման, ներման, դատապարտյալի մահվան, վաղեմությունն անցնելու կամ այլ պատճառներով: ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության կողմից հաշվառված շահառուներից 1712-ի նկատմամբ կիրառվել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաս¬տա¬նի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցու¬թյամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքը, որոնցից 911-ը վերաբերում է «տուգանք» պատժատեսակին:
2018թ. ՀՀ դատախազության՝ ոլորտը սպասարկող դատախազների կողմից, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց դիմումների համաձայն, հարցման է ենթարկվել 290 անձ /2017թ՝ 74/:
Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությունը ՀՀ ԱՆ «Կոշ», «Սևան», «Վանաձոր», «Արմավիր», «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում նախաձեռնել և կազմակերպել է դատապարտյալների ընդունելություն՝ նրանց բարձրացրած իրավական բնույթի խնդիրներին տեղում ծանոթանալու, դատախազության իրավասությունների սահմաններում և հնարավորության դեպքում դրանց օպերատիվ լուծումներ գտնելու, անհրաժեշտություն առաջանալու դեպքում իրավական խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Ընդունելություններին մասնակցել է նախապես դիմած ընդհանուր թվով 92 դատապարտյալ: Ընդունելությունների ընթացքում դատապարտյալների կողմից ներկայացվել են մի շարք խնդիրներ` հատկապես կապված պատժի կրման կարգի և իրենց հիմնական իրավունքների հետ: Արդյունքում հիմնարկների վարչակազմերին տրվել են հանձնարարականներ` ուղղված հիմնականում դատապարտյալներին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացի կարգավորմանը և իրավաբանական օգնություն ստանալու նրանց իրավունքի իրացման ապահովմանը:
Իսկ ընդհանուր առմամբ, 2018 թվականի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից կալանավորված անձանց և դատապարտյալների հետ քրեակատարողական հիմնարկներում կատարվել է իրավական հարցերով 306 անհատական ընդունելություն /2017թ՝ 73/: Դրանցից 50-ը անցկացվել է վարչության պետի կողմից:
Այդուհանդերձ նշված ոլորտում առկա են բազում խնդիրներ՝ կապված դատապարտյալների կենցաղային պայմանների, վերջիններիս զբաղվածության, ինքնագործ միավորումներ ստեղծելու, կրթության իրավունքի իրացման հետ, որոնք համակարգային լուծում են պահանջում և ներկայումս այդ ուղղություններով ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվում են հայեցակարգային լուծումներ: