Գտնվելով արտերկրում՝ միգրանտները կարող են բախվել բազում խնդիրների, հատկապես երբ նրանք պատշաճ գիտելիքներ և տեղեկություններ չունեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին։ Այս մասին հայտնում է զբաղվածության պետական գործակալությունը։
Աշխատանքային միգրացիայի իրավական ուղիները որպես անկանոն միգրացիայի այլընտրանք մատնացույց անելու, ինչպես նաև աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանությունը բարելավելու նպատակով, Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) Հայաստանի առաքելությունը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության և այլ պետական կառույցների ու միգրանտների համայնքի հետ սերտ համագործակցությամբ Երևանում Բրիտանական դեսպանության և ՄԱԿ-ի Մարդու անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, պատրաստել է հակիրճ տեղեկատվական, ուսուցողական տեսանյութ և ուղեցույց։