Ապրիլի 26-ին, ժամը 04.50-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողները ծառայության ընթացքում նկատել են, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող բուքմեյքերական ընկերության վճարային տերմինալը փորձում են գողանալ: Ոստիկաններին հաջողվել է կանխել գողությունը. վերջիններս ավտոմեքենան թողնելով՝ դիմել են փախուստի:
Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի և ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում դեպքի վայրի հարակից տարածքից, գողության փորձ կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Աշոտ Խ.-ն, որը հայտարարել է, որ գողության փորձը կատարել է ինքը՝ իր «Օպել» մակնիշի, առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենայով:
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Աշոտ Խ.-ի հետ միասին գողության փորձը կատարել է 1992 թ. ծնված Գեղամ Մ.-ն, որը ժամը 13.00-ին բերման է ենթարկվել և տվել խոստովանական ցուցմունք:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: