ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրության արդյունքում քրեական գործեր են հարուցվել երկու բժշկական կենտրոնների ծառայողների կողմից հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացները առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունների չարաշահմամբ կազմակերպելու դեպքերի առթիվ:
Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի վերաբերյալ իրականացված մշտադիտարկման և վերլուծության արդյունքների վերաբերյալ տեղեկանքն ուղակվել էր ՀՀ գլխավոր դատախազություն:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նշված տեղեկանքի և համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունը 2015-2018թթ. և «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունը 2015-2018թթ. և 2019թ. սկզբում դիալիզի պարագաներ ձեռք են բերել «Ա» ՍՊ ընկերությունից՝ ընդհանուր 1 613 331 000 ՀՀ դրամ արժեքով: Այդ պարագաների մաքսային արժեքը կազմել է 722 670 000 ՀՀ դրամ կամ բժշկական կենտրոններին ապրանքները մատակարարվել են մաքսային արժեքից շուրջ 2.2 անգամ թանկ գնով:
Ապրանքների ձեռքբերման նպատակով բժշկական կենտրոնների կողմից կազմակերպվել է գնման 8 ընթացակարգ՝ 92 չափաբաժնով, և բոլոր չափաբաժիններով հաղթող է հանդիսացել «Ա» ՍՊ ընկերությունը:
Երկու բժշկական կենտրոնում հիշյալ ընթացակարգերը եղել են ոչ մրցակցային, կազմակերպվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի պահանջների խախտումներով:
Մասնավորապես՝ ապրանքների տեխնիկական բնութագրերն իրենցից ներկայացրել են «F…» ընկերության կոնկրետ մոդելների տեխնիկական բնութագրեր, որոնց չէին կարող համապատասխանել այլ արտադրողների պարագաները: Այսինքն՝ գնման ընթացակարգին կարող էր մասնակցել միայն նշված ընկերության ներկայացուցիչը հանդիսացող կազմակերպությունը:
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից 2019թ. հունվարի 31-ին հրապարակված՝ բժշկական պարագաների գնման ընթացակարգի հրավերում առանձին չափաբաժիններում նշվել է «F…» ընկերության արտադրության կոնկրետ մոդել, իսկ տեխնիկական բնութագիրն իրենից ներկայացրել է տվյալ մոդելի տեխնիկական բնութագրի պատճենը, որին համապատասխանող այլ մոդելի հեմոդիալիզատոր շուկայում առկա չէ:
Հայտերի բացման արդյունքում պարզվել է, որ միայն «Ա» ՍՊԸ-ն է մասնակցել կոնկրետ մոդելի դիալիզատորի գնման ընթացակարգին՝ միավորի համար առաջարկելով 7000 ՀՀ դրամ: Մինչդեռ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կարիքների համար, փոփոխված տեխնիկական բնութագրերով գրեթե միաժամանակ անցկացված մրցակցային գնման ընթացակարգում նույն դիալիզատորի համար գնային առաջարկ է ներկայացրել 4 ընկերություն, այդ թվում՝ «Ա» ՍՊԸ-ն՝ միավորի համար 300 դրամ պակաս՝ 6700 ՀՀ դրամ առաջարկով:
«Վանաձորի բժշկական կենտրոնի» կողմից 2019թ. հունվարի 31-ին հրապարակված մեկ այլ գնման ընթացակարգի պարագայում բոլոր չափաբաժիններով միակ մասնակից է հանդիսացել «Ա» ՍՊԸ-ն, որը միևնույն ապրանքի համար նույն ամսին 8.827.000 դրամով ավելի ցածր գնային առաջարկ է ներկայացրել մրցակցային հանդիսացած ընթացակարգում:
Իսկ երկու չափաբաժիններով «Ա» ՍՊԸ-ի գնային առաջարկը կազմել է 44.470.000 ՀՀ դրամ, այն դեպքում, երբ միևնույն ապրանքները «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունը ձեռք է բերել 34.131.600 ՀՀ դրամով, այսինքն10.338.400 ՀՀ դրամով պակաս:
Այսպիսով ուսումնասիրությամբ պարզվել է, որ երկու բժշկական կենտրոնների իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ իրենց կարգադրիչ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ օգտագործելու՝ դիալիզի պարագաներ ձեռք բերելու նպատակով ոչ մրցակցային գնումների ընթացակարգեր կազմակերպելու, ապրանքների տեխնիկական բնութագրերը օրենսդրության պահանջների խախտումներով կազմելու արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ: Գնումների գործընթացները չեն հանդիսացել տնտեսող, արդյունավետ և օգտավետ, խաթարվել է շուկայական մեխանիզմներով գնագոյացման ապահովման սկզբունքը, ոչ մրցակցային և խտրական հիմունքներով գնումների գործընթացների կազմակերպման արդյունքում 2015թ.-ից ի վեր կազմակերպված գնման ընթացակարգերի բոլոր չափաբաժիններով հաղթող է հանդիսացել մեկ ընկերություն և ոլորտի այլ ընկերությունների կողմից արտադրված ապրանքներ չեն կարողացել հավակնել նշված ընթացակարգերին մասնակցելուն:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել են առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: