Դավիթ Սանասարյանին ժամանակավորապես կփոխարինի Արգիշտի Քյարամյանը

Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանին ժամանակավորապես կփոխարինի Արգիշտի Քյարամյանը: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են կառույցի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Արգիշտի Քյարամյանը ապրիլի 10-ին էր նշանակվել ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնը, վերջինս պաշտոնակատար է նշանակվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրությամբ ապրիլի 25-ին:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին, Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել