ՀՀ կառավարությունը երեկ հաստատեց պետական գույքի էլեկտրոնային հաշվառման և գրանցամատյան վարելու կարգը, որով հնարավոր կդառնա պետական գույքի հաշվառման փաստաթղթային համակարգից անցումն էլեկտրոնային ինտեգրացված համակարգին։
Միասնական չափորոշիչներ են սահմանվել պետական կառավարման բոլոր մարմինների համար, իսկ ընդհանուր սերվերից կառավարվող համակարգը պետական գույքի մասով վարելու է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Պետգույքի կառավարման կոմիտեն։ Կադաստրի կոմիտեի կողմից վարվող անշարժ գույքի պետական ռեգիստրի հետ այն կապահովի տվյալների փոխանակման արագ ու հուսալի համակարգ։
Հարցը նիստում զեկուցեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հարակից ելույթում կարևոր անվանեց իրավական այս ակտը։
«Շատ ինտենսիվ աշխատում ենք Պետգույքի կառավարման կոմիտեի հետ, և շատ շուտով կկարողանանք տվյալների առումով հստակ պատկերացում կազմել գոնե պետական սեփականություն հանդիսացող գույքի վերաբերյալ»։
Այս համակարգը ևս մեկ քայլ է դեպի հայաստանյան միասնական, համընդհանուր էլեկտրոնային՝ Ինտեգրված կադաստրի ստեղծումը, որի մասին նիստում խոսեց Պետրոսյանը, ավելացնելով տարածական տվյալներն ամբողջովին հրապարակային դարձնելու մոտակա հեռանկարի մասին, ինչը մեր ստանձնած պարտավորություններից է։
Այս ուղղությամբ աշխատանքը շարունակվում է. նպատակը պետական սեփականություն հանդիսացող գույքին առնչվող բոլոր գործողությունների իրականացումն է՝ առանց այցելելու Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ։