Գործադիրը հավանություն է տվել «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծով նախ նկարագրվել են տարածքային կառավարման սկզբունքները: Սահմանվել են նաև տարածքային կառավարման բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները, մարզպետների լիազորությունները ըստ հիմնական բնագավառների, նկարագրվել են մարզպետների նշանակման և ազատման կարգը, ինչպես նաև վերջիններիս նկատմամբ առաջադրված պահանջները: Օրինագծով նախատեսվում է նաև մարզպետին կից գործող խորհրդակցական մարմին՝ մարզային խորհրդի ինստիտուտ, որի կազմավորվման և գործունեության կարգը կսահմանվի կառավարության որոշմամբ:
Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագծով, մասնավորապես, առաջարկվում է բացառություն սահմանել «Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի» համար՝ ազատելով հիմնադրամին հրապարակային ծանուցման վճարից: Նախատեսվող լրացման անհրաժեշտությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ հիմնադրամը, բացի սոցիալական նշանակությունից ունի նաև բարոյական, համապետական և համազգային նշանակություն, վերջինիս գումարները գոյանում են աշխատող մարդկանց պարտադիր վճարներից և կամավոր նվիրատվություններից, իսկ հիմնադրամի աշխատանքները կա-տարվում են հասարակական, անվճար հիմունքներով: Կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ: Մասնավորապես՝ նշվում է, որ ճիշտ չէ տարբերակված մոտեցում ցուցաբերել համանման սոցիալական առաքելություն իրականացնող հիմնադրամների նկատմամբ: Նման մոտեցումը կհակադրվի նաև «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում ամրագրված՝ հրապարակային ծանուցման վճարների հիմնական սկզբունքներին և ընդհանուր կարգավորումներին: Բացի այդ, նկատի ունենալով հիմնադրամի ֆինանսական միջոցների գոյացման աղբյուրները, ինչպես նաև նախորդող տարիների հրապարակային ծանուցման վճարների չափը, կառավարությունը գտնում է, որ հիմնադրամի հրապարակային ծանուցման տարեկան վճարը շոշափելի ազդեցություն չունի վերջինիս բյուջեի վրա:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հիմնադրամի գործունեությանը, նշել է. «Կարծում եմ՝ դա սփոփիչ լուր է բավականին, որ հիմնադրամի շահառուների շրջանակն ընդլայնվեց մինչև 2008թ. հունվարի 1-ը ներառյալ տեղի ունեցած դեպքերը: Պաշտպանության նախարարության և նախարարի հետ մեր պայմանավորվածությունն այն է, որ մենք այս գործընթացը կշարունակենք, իհարկե այնպես, որ ստանձնված բոլոր պարտավորությունները լիարժեք կանխատեսելի և հաշվարկելի իրականացվեն»:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ սա այն դեպքն է, երբ գումարները ծախսվում են մարտական պայմաններում զոհված և 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած մեր զինվորների սոցիալական հարցերը հոգալու համար: «Պետք է արձանագրել, որ հիմնադրամն իրականում բավականին շոշափելի գումար է վճարում, որը սոցիալական խնդիր լուծում է: Այս առումով, իհարկե, կոչ եմ անում՝ ովքեր ունեն պարտավորություններ, թող շուտափույթ կատարեն, ինչը մեզ հնարավորություն կտա շահառուների շրջանակն ավելի ընդլայնել: Սա շատ կարևոր արձանագրում է»:
Հավանության են արժանացել նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությունները: Օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որով սահմանվում են բացառություն կազմող կրեդիտավորման պայմանագրերի ներքին և վերին շեմերը՝ համապատասխանաբար 100.000 ՀՀ դրամ և 10.000.000 մլն ՀՀ դրամ: Կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից և, անհրաժեշտության դեպքում, նախագծի դրույթներին անդրադառնալ կառավարության ներկայացրած օրենքի նախագծի քննարկումների շրջանակում: Ազգային ժողովում շրջանառության մեջ է գտնվում ՀՀ Կենտրոնական բանկի մշակած կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է նաև օրենքից հանել մինչև 100.000 ՀՀ դրամի վարկերի վրա օրենքի դրույթները չտարածելու մասը: Ինչ վերաբերվում է 10.000.000 մլն ՀՀ դրամը գերազանցող սպառողական վարկերի վրա օրենքի դրույթների տարածմանը, ապա ըստ կառավարության, նշված սահմանափակման իմաստը կայանում է նրանում, որ 10.000.000 մլն ՀՀ դրամից բարձր վարկերը, ըստ էության, սպառողական վարկեր չեն և հիմնականում ունեն առևտրային կամ սպառման հետ չկապված այլ նպատակ։
Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել նաև ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագծով առաջարկվում է ԱԱՀ-ի շեմը վերականգնել մինչև 2019 թ. հունվարի 1-ը գործող` տարեկան կտրվածքով իրացման շրջանառության 115 միլիոն դրամի մակարդակում, նվազեցնել հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների հարկային բեռը` այն ամրագրելով 2018 թվականի երկրորդ կիսամյակի համար սահմանված չափով: Առաջարկությունների ներկայացումը հիմնավորվում է ՓՄՁ ոլորտի հարկային միջավայրը հնարավորին չափ շուտ բարելավելու ու վարվող քաղաքականության կանխատեսելիությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող համարվող տնտեսվարող սուբյեկտների կողմից 2019 թ. առաջին եռամսյակի համար շրջանառության հարկի հաշվարկների ներկայացման վերջնաժամկետի՝ ապրիլի 20-ի մոտենալու հանգամանքով: Կառավարությունը խնդիրներին ավելի համակարգային լուծում տալու նպատակով, առաջարկում է ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից և դրա դրույթներին անդրադառնալ գործադիրի ներկայացրած օրենսդրական նախաձեռնության քննարկումների շրջանակում:
Այլ որոշումներ. գումար է հատկացվել օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության ապահովման նպատակով
Գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից արտաքին գործերի նախարարությանը կհատկացվի 347 մլն 522 հազար դրամ՝ օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության ապահովման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ նախկինում արտերկրում մի շարք ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնում կատարվել են նշանակումներ, ովքեր ԱԳՆ համակարգից չեն եղել։ Նրանց մի մասն իրենց առաջարկությամբ հրաժարվել է հասանելիք աշխատավարձերից, ընտանիքի անդամներին փոխհատուցման գումարներից, բնակարանների վարձավճարներից, բժշկական ապահովագրությունից և ներկայացուցչական այլ ծախսերից։ ՀՀ արտաքին գործերի նախարարության բյուջետային հայտում վերոնշյալ ծախսերը ներառված չեն եղել և այդ նպատակով բյուջեից գումարներ չեն հատկացվել։ Ներկայումս, երբ դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով 2018 թ. մայիսից ի վեր որդեգրած սկզբունքային քաղաքականության շրջանակում արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ նշանակվում են կադրային դիվանագետներ ԱԳՆ համակարգից, առաջացել է վերոնշյալ ծախսերի հատվածը ՀՀ պետբյուջեից ապահովելու անհրաժեշտությունը:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, նշել է. «Պետք է խոստովանել, որ բավական տարօրինակ իրավիճակ է, որովհետև տպավորություն է ստեղծվում, որ երբեմն եղել են իրավիճակներ, երբ գոյություն են ունեցել սեփական դեսպանատներ: Այսինքն՝ դեսպանատներ, որտեղ նույնիսկ գույքը և ամեն ինչը պատկանում է մի կոնկրետ մարդու, բայց նրանք հանդես են գալիս պետության անունից և պետական ֆինանսավորում չկա: Սա, ըստ էության, շատ տարօրինակ իրավիճակ է, անկախ նրանից, թե ով է դեսպանը, և բազմաթիվ հարցեր է ծագում: Եվ կարծում եմ՝ բազմաթիվ հարցերի պատասխանները գտնելը նաև օրակարգային է այսօր Հայաստանի Հանրապետության համար»:
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը լրացուցիչ 30 հաստիքային միավոր տրամադրելու համար կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Վերջիններս կհամալրվեն ծառայության պահպանության ապահովման ստորաբաժանման կառուցվածում և ամբողջությամբ կընդգրկվեն քաղաքացիական առողջապահական բուժհաստատություններում իրականացվող ծառայությունում՝ բացառելով արգելված իրերի փոխանցման կամ փախուստի հնարավորությունները:
Կառավարության որոշումներով հունիսի 9-ին ՀՀ Արմավիրի մարզի Ապագա և Վարդանաշեն համայնքներում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: