Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թ. միջոցառումների ծրագրին: Հիմնավորման համաձայն՝ Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի «Գործարարությամբ զբաղվելը 2019» վարկանիշային զեկույցի տվյալներով՝ Հայաստանը 190 երկրների շարքում զբաղեցրել է 41-րդ տեղը: Հայաստանը նախորդ տարվա համեմատ արձանագրել է 2,06 տոկոս աճ «Հեռավորությունը լավագույն արդյունքից» ցուցանիշով` գրանցելով 75,37 միավոր: Չնայած մի շարք ոլորտներում Հայաստանի արձանագրած լուրջ հաջողություններին` բիզնեսով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների բարելավումն իրականացվում է ոչ համաչափ և որոշ ոլորտներում առկա են խնդիրներ` առավելապես վարչարարական բնույթի: Այդ խնդիրները լուծելու և գործարար միջավայրի զարգացման համաչափությունն ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը: Ծրագրով ակնկալվում է ապահովել գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Առաջին հերթին ակնկալվում է թեթևացնել այլ երկրների համեմատությամբ կատարելագործման մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներում առկա վարչարարական և ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը: Ծրագրով նախատեսվող միջոցառումների իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը, կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը, կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը:
Մեկ այլ որոշմամբ կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագիծը: Ըստ այդմ, մասնավորապես, ՀՀ-ի 2018 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով 1,341,690,590.9 հազար դրամ է, ծախսերի գծով` 1,447,083,011.5 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 105,392,420.6 հազար դրամ:
Անդրդառանալով նախագծին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Քանի որ ԱԺ-ում և հանձնաժողովներում շատ մանրամասն քննարկվելու է, ես ուղղակի հետևյալն ասեմ, որպեսզի նախորդ տարիների վատ ավանդույթներից դուրս գանք. Ազգային անվտագության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը, Երևանի քաղաքապետը, մարզպետները Ազգային ժողովի քննարկումներին պետք է ներկա լինեն, որպեսզի Ազգային ժողովում առավել մանրամասն քննարկումներ ունենանք»: