Կադաստրի արխիվներում գործավարության հստակ կարգ է սահմանվել: Այս մասին տեղեկանում ենք կադաստրի կոմիտեից:
Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրամանով ուժի մեջ է մտել ստորաբաժանումներում կադաստրային գործի ստեղծման, վարման, արխիվացման և պահպանման կարգը։ Ըստ այդմ, ներկայացված փաստաթղթերի հիման վրա անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի վերաբերյալ կազմվում է առանձին թղթային կադաստրային գործ, որը վարվում է ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով: Փաստաթղթերը պահվում են ստորաբաժանման առանձին տարածքում՝ արխիվում, անժամկետ։
Կարգում մանրամասն սահմանված է, թե արխիվի աշխատակիցներից բացի ովքե′ր իրավունք ունեն մուտք գործելու այնտեղ, թե ո′ր դեպքերում կարելի է արխիվից կամ ընդհանրապես ստորաբաժանումից դուրս բերել կադաստրային գործը կամ նրա առանձին փաստաթղթեր, ո′ւմ կարող են դրանք տրամադրվել և ի′նչ ընթացակարգով։ Նշվում է, որ գործը ստորաբաժանումից դուրս հանելը և վերադարձնելը գրանցվում է դրա համար նախատեսված ելից-մտից մատյանում, իսկ ամբողջությամբ չտեսաներածված կադաստրային գործի դուրս հանումը ստորաբաժանումից արգելվում է:
Ըստ նույն կարգի, կադաստրային գործում փաստաթղթերը (էլեկտրոնայինի դեպքում՝ պատճենները) տեղադրվում են ստորաբաժանում մուտքագրվելուց հետո 5-օրյա ժամկետում, ապա կադաստրային գործը տեղադրվում է արխիվի համապատասխան դարակում:
Գործավարության նույն կարգում սահմանված են կադաստրային գործի վերականգնման, դիմողին բնօրինակի վերադարձի, պատճենների տրամադրման ընթացակարգերը։ Ի դեպ, փաստաթղթերի վերադարձի դեպքում, եթե դիմողն իր համար նախընտրելի գրասենյակ է նշել, դրանք առաքվում են տվյալ գրասենյակ։
Ստորաբաժանումներում կադաստրային գործի ստեղծման, վարման, արխիվացման և պահպանման նոր կարգում նշված են նաև էլեկտրոնային տարբերակով նյութերի արխիվացման տեխնիկական կոնկրետ չափորոշիչները։
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն անշարժ գույքի գրանցման 4 ստորաբաժանում ունի։ Կոմիտեում նախատեսված բարեփոխումների շրջանակում նախատեսվում է մոտ ապագայում նրանց արխիվների միավորումը, պահպանումն ու վարումը մեկ վայրում` միասնական մոտեցմամբ։