Հարուցել է վարչական վարույթ. ժամանակավոր դադարեցվել է «Մեծ աղբյուր» կոչվող ջրաղբյուրից ջրամատակարարումը

Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր բնակավայրում արձանագրվել են «աղիքային ինֆեկցիա» նախնական ախտորոշմամբ հիվանդացության դեպքեր:

Վերոնշյալի վերաբերյալ ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իրազեկում է.

Սույն թվականի ապրիլի 16-22-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել են 35 (9-ը մեծահասակ) «աղիքային ինֆեկցիա» նախնական ախտորոշմամբ հիվանդացության դեպքեր, որի հետևանքով 33 անձ տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն, մեկ անձ՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, ևս մեկ անձ՝ «Արաբկիր» բժշկական կենտրոն:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Նավուր բնակավայրում զննում իրականացնելու նպատակով 2019 թվականի ապրիլի 18-ին հարուցել է վարչական վարույթ, որի շրջանակում ապրիլի 19-ին իրականացվել է զննում Նավուր բնակավայրի ջրամատակարարման համակարգում: Զննման արդյունքում պարզվել է, որ Նավուր բնակավայրը սնվում է ջրամատակարարման համակարգի 4 ստորերկրյա աղբյուրներից, որոնցից «Մեծ աղբյուր» կոչվող ջրաղբյուրի ջուրը չի համապատասխանել գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին:

Հաշվի առնելով, որ արձանագրված հիվանդների մեծ մասը «Մեծ աղբյուր» ջրաղբյուրից սնվող թաղամասի բնակիչներ են, Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով ժամանակավոր դադարեցվել է «Մեծ աղբյուր» կոչվող ջրաղբյուրից ջրամատակարարումը:
Վերահսկողական աշխատանքները շարունակվում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել