Երևանի ավագանին ապրիլի 23-ին կգումարի հերթական նիստը: Այդ օրը ավագանին որոշում կընդունի «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի Սառցե Պալատ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության անվանափոխելու մասին:
Նախագիծը ներկայացրել է ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Իրինա Ռոդնինան, ում անունով անվանակոչվել է Երևանի գեղասահքի մարզադպրոցը և ով հանդիսանում է Ռուսաստան-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ փետրվարի 26-ին մասնակցել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած երթին, որը կրել է վառ արտահայտված հակահայկական բնույթ և ուղղված է եղել տարածաշրջանում խաղաղության և կայունության խաթարմանը։ Իրինա Ռոդնինան մասնակցելով այդ միջոցառմանը իր հարցազրույցում միակողմանի դիրքորոշում է հայտնել 1992թ. Խոջալու գյուղում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, դրանով իսկ փաստելով, որ իր մասնակցությունը այդ երթին տեղի է ունեցել ոչ հանգամանքների բերումով։
Ելնելով վերոգրյալից առաջարկվում է անվանափոխել գեղասահքի մարզադպրոցը՝ արտահայտելով Երևանի ավագանու և ներկայացված քաղաքական ուժերի անհամաձայնությունը Ռոդնինայի հնչեցրած դիրքորոշումներին։