Կուզենամ ամեն ղեկավար նման հարգանքի մի մասը վայելի, ինչպես ես եմ վայելել մինչ օրս. Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն անդրադարձել է այն լուրերին, որոնք վերջին օրերին ասվում են իր մասին:

«Ստեր կապված իմ անձի հետ.

Սորոսից գրանտ է ստացել, գրանտակեր է – երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից, բացառությամբ կրթականից, որը տվել է մեծ հայ Ասո Թավիթյանի հիմնադրամը Ֆլետչերում ուսանելու համար։

Այլ երկրի հատուկ ծառայության ներկայացուցիչ է – անբարոյականի ծնունդ է այն մարդը, ով սեփական երկրի թիկունքում կարող է գործել հանուն այլ երկրի. ինձ էլ դրանում մեղադրողն է անբարոյականի ծնունդ։

Ավտո է նվեր ստացել պաշտոնավարման ընթացքում- երբեք ավտո չեմ ունեցել, հիմա նույնպես։

Տներ է ստացել, կալվածքներ ունի- վարձով եմ ապրում ու շատ համեստ։

Հանցավոր աշխարհի կարկառուն դեմքերի՝ գողերի հետ է շփվում – ՍՈՒՏ է։

Կառույցը չի կարողանում կառավարել – կուզենամ ամեն ղեկավար նման հարգանքի մի մասը վայելի, ինչպես ես եմ վայելել մինչ օրս։

Սկանդալային հեմոդիալիզի քրեական գործով փողեր է ստացել- անգամ կարված ու շինծու գործի շրջանակներում նման բան չկա ու չի կարող լինել։

Բանակում չի ծառայել – դեբիլիկներ ջան, կուզենայի իմ հետ դժվարին սահմանները պահած ու ծառայության ընթացքում նման փորձությունների միջով անցած լինեիք։

Հ.Գ. էս ամենը անդադար կրկնում են, որ կարողանան անվանս հետ խաղալ, սակայն անունս ձեռք եմ բերել տարիների դժվար պայքարով ու սկզբունքային ապրելակերպով, էնպես որ, հանգիստ նստեք տեղներդ

Սիրում եմ բոլորիդ, մարդիկ, չընկճվեք….»:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին, Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել