Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման թեմայի շուրջ: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների և կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացելով քննարկումը, նշել է.
«Այսօր հավաքվել ենք ամփոփելու առնվազն միջանկյալ այն քննարկումները, որոնք ունեցել ենք առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի վերաբերյալ: Գիտեք, որ աշխատանքային խումբ էր գործում, և այդ խմբի գործունեության արդյունքում արդեն իսկ ունենք Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որը կոչվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին»:
Սա շատ կարևոր թեմա է, և վերջին ամիսների ընթացքում տարբեր հարթակներում քննարկումների առիթ է տվել: Որոշ դեպքերում նույնիսկ կան մեկնաբանություններ, որ փորձ է արվում ներկայացնել, թե արտակարգ դատարանին բնորոշ գործառույթներ են փորձ արվում ներդնել, և երբեմն այնպիսի տպավորություն է, թե այս թեման սկսել է քննարկվել Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո, և այս հարցերի շուրջ պարզաբանումներն ամբողջական չեն եղել: Ես ուզում եմ այսօր՝ մինչև բուն քննարկումը սկսելը, մի փոքր տեղեկատվություն տալ, թե իրականում ինչ պատմություն ունի այս գործընթացը և ինչպիսի հիմնավորումներ:
Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման անհրաժեշտության մասին նախևառաջ նշվում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի 2004 թվականի կոնվենցիայում: Վերջինիս համաձայն՝ երկրները պետք է անհրաժեշտ միջոցառումներ իրականացնեն առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում թույլատրելու համար այն դեպքերում, երբ հանցագործը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել մահվան, թաքնվելու, նրա բացակայության կամ այլ համանման դեպքերում: Հայաստանի Հանրապետությունն այս կոնվենցիան վավերացրել է առանց որևէ վերապահման՝ 2007 թվականին:
Այս նպատակով դեռևս 2011 թվականից սկսած «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով» Միջգերատեսչական հանձնաժողով է ձևավորվել, որի կողմից քննարկվել են այդ համակարգի ներդրման հնարավորությունները: Մասնավորապես, Հանձնաժողովի 2011 թվականի 25-րդ, 2012 թվականի 26-րդ և 2013 թվականի 28-րդ նիստերում քննարկվել և 2017 թվականի 33-րդ նիստում հաստատվել է միջոցառումների ծրագիր, որի հիման վրա տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի առջև խնդիր է դրվել՝ ներկայացնել այս ինստիտուտի, ինչպես նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի գույքի օրինականության վերաբերյալ միջազգային նորմերի ներդրման հնարավորությունը Հայաստանում և վերջիններիս միջազգային փորձն աշխարհում: Աշխատանքային խմբի շրջանակներում կազմվել և շրջանառվել են աշխատանքային փաստաթղթեր, կազմակերպվել են քննարկումներ Միջգերատեսչական հանձնաժողովի անդամ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ:
Պետք է նշել, որ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով» Միջգերատեսչական հանձնաժողովը, սկսած 2008 թվականից, շուրջ 11 տարի ղեկավարում է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, իսկ անդամներ են հանդիսանում Գլխավոր դատախազի տեղակալը, Արդարադատության նախարարի տեղակալը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը, Ոստիկանության պետի տեղակալը, Վարչապետի օգնականը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը, Ֆինանսների նախարարի տեղակալը և ևս 6՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ներգրավված գերատեսչությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Այսինքն՝ 2008 թվականից այս գործընթացն սկսվել է:
Արդեն 2018 թվականի 34-րդ նիստում վերը նշված Հանձնաժողովը հավանություն է տվել այս, ինչպես նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման պարտականության ներդրման հայեցակարգերին, ինչի հիման վրա 2019 թվականի մարտի 1-ին վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Արդարադատության նախարարության գլխավորությամբ, վերոգրյալ շահագրգիռ բոլոր գերատեսչությունների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հայեցակարգերի առնչությամբ Հայաստանի Սահմանադրությամբ երաշխավորված մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին համապատասխան կարգավորումներ նախագծելու և օրենսդրական փաթեթ ներկայացնելու համար:
Ինչ վերաբերում է ինստիտուտի էությանը, տարընկալումներից և կոնտեքստից դուրս մեկնաբանություններից խուսափելու համար հարկ ենք համարում ընդգծել վերջինիս բնորոշ հետևյալ առանձնահատկությունները.
1. Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը որևէ աղերս չունի անձի նկատմամբ պատժիչ միջոցառումների իրականացման հետ: Ընդհակառակը, այն իր բնույթով կանխարգելիչ միջոցառում է, և ինչպես նշված է Համաշխարհային բանկի՝ «Գողացված ակտիվների վերականգնման» նախաձեռնության կողմից հրապարակված «Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ներդրման սկզբունքների ուղեցույց»-ում, ինչպես նաև հայեցակարգում, իրականացվում է՝ «գույքի դեմ, չի հանդիսանում քրեաիրավական պատժատեսակ, չունի քրեաիրավական հետևանքներ»:
2. Կարևոր է նաև նշել այն, որ այս ինստիտուտը բազմաթիվ երկրների կողմից կիրառվող գործուն մեխանիզմ է հանցագործության հետ կապված գույքն օրինական տնտեսական շրջանառությունից հանելու, այդպիսով նաև փողերի լվացման դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար: Այդուհանդերձ, վերը նշված փաստաթղթի համաձայն՝ ինստիտուտի ներդրման կարևորագույն սկզբունքներից է նաև այն, որ «առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը երբևէ չպետք է ներդրվի այն տրամաբանությամբ, որ հնարավորություն տա թե՛ իրավապահ մարմիններին, թե՛ հանցանք կատարած անձանց շրջանցել քրեական հետապնդման իրականացումը և քրեական պատասխանատվությունը՝ հաշվի առնելով այն, որ հանցավորության դեմ պայքարն առաջին հերթին պետք է իրականացվի քրեադատավարական գործընթացների շրջանակներում»:
3. Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում ասելով երբեք չի կարելի հասկանալ, որ գույքը բռնագանձվում է առհասարակ առանց դատարանի որոշման: Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բռնագանձումը կատարվում է ոչ թե քրեական դատավարությանը, այլ քաղաքացիական դատավարությանը բնորոշ կանոններով: Նշվածը ևս հստակ ամրագրված է Համաշխարհային բանկի վերոգրյալ փաստաթղթում:
Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումն առաջին հերթին ուղղված է նաև նրան, որ ստեղծվեն պատշաճ իրավական մեխանիզմներ միջազգային համագործակցության շրջանակներում՝ կապված Հայաստանի դատարանների և օտարերկրյա դատարանների կողմից այս ինստիտուտի համատեքստում վճիռների ճանաչման և դրանց հիման վրա առանց քրեադատավարական ընթացակարգերի, քաղաքացիական դատավարության շրջանակներում գույքի բռնագանձման համար:
Ինչ վերաբերում է ինստիտուտի և փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի փոխառնչությանը, ապա դա արձանագրվել է առաջին հերթին մեր կողմից թվարկված միջազգային կոնվենցիաներում և այլ փաստաթղթերում, որոնց հիման վրա միջազգային կառույցների, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի համապատասխան կառույցների կողմից իրականացված Հայաստանի գնահատումների արդյունքներին մանրամասն անդրադարձ է կատարվել այս թեմայի առնչությամբ Հայաստանի կենտրոնական բանկի կողմից ներկայացված նախորդ պարզաբանման մեջ:
Կարևոր ենք համարում արձանագրել, որ ինստիտուտների իմպլեմենտացման առնչությամբ մեր կողմից թվարկված միջազգային կոնվենցիաներում, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի՝ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի 53-րդ հոդվածի 4-րդ մասում նշվում է՝ երկրների կողմից որոշակի հոդվածների, այդ թվում՝ բռնագանձմանը վերաբերող դրույթների մասով վերապահումներ իրականացնելու հնարավորության վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության կողմից վերապահումների բացակայությունը թույլ է տալիս եզրահանգել համապատասխան ինստիտուտի ներդրման հնարավորությունը: Նշված հարցերն արդեն, ինչպես ասացի, բավական երկար ժամանակ քննարկվում են, և մենք ահա կարծես հանգում ենք վերջնական հանգրվանի:
Ուզում եմ ևս մի քանի արձանագրում անել, թե ինչ միջազգային փաստաթղթերով է այս ինստիտուտը կարգավորվում.
1. Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան
2. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան
3. Միաժամանակ, փողերի լվացման, դրան նախորդող հանցագործությունների և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համատեքստում վերոնշյալ կոնվենցիաներին համապատասխան առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման պարտականություն է սահմանվում նաև ՖԱԹՖ-ի (Ֆինանսական հարցերով աշխատանքային խմբի) 4-րդ հանձնարարականով:
Վերը թվարկված կոնվենցիաները վավերացվել են Հայաստանի Հանրապետության կողմից, արդեն ասացի, 2007 և 2008 թվականներին, իսկ ՖԱԹՖ-ի հանձնարարականների իմպլեմենտացման պարտավորությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ:
Հարկ եմ համարում արձանագրել նաև, որ Հայաստանի Հանրապետությունն այս թեմայով որոշակի կոմունիկացիաներ և աշխատանքներ է իրականացրել միջազգային կառույցների հետ, և առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագրավման ինստիտուտի՝ Հայաստանի Հանրապետությունում ներդրման պահանջին են անդրադարձել տարբեր միջազգային կառույցներ՝ վերոնշյալ միջազգային փաստաթղթերին Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման շրջանակներում: Մասնավորապես՝
• Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից 2015 թվականին հաստատվել է ՖԱԹՖ-ի հանձնարարականների ներդրման նպատակով 5-րդ փուլի գնահատման հաշվետվությունը, որով ամրագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունը հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման պրակտիկան բարելավելու նպատակով պետք է դիտարկի առանց մեղադրական դատավճռի առկայության բռնագանձման ինստիտուտների ներդրման հարցը:
• Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից 2018 թվականին հաստատվել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիային Հայաստանի Հանրապետության համապատասխանության 4-րդ փուլի գնահատման հաշվետվությունը, որով արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունում չի ներդրվել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը: Հաշվետվությամբ Հայաստանի Հանրապետությանը կոչ է արվում ներդնել Կոնվենցիայով նախատեսված նոր գործիքները, այդ թվում՝ վերոնշյալ ինստիտուտը քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացման նպատակով:
Հարգելի գործընկերներ, ըստ էության, այն, ինչ ասեցի, ասվածի մեջ որևէ նորություն չկա: Այս տվյալները մի քանի անգամ նաև հրապարակվել են, այդ թվում՝ Կենտրոնական բանկի կողմից: Ես հարկ համարեցի, որ մենք այս քննարկման սկզբում ամփոփենք մեր ձեռքի տակ եղած տվյալները, որպեսզի հետագա քաղաքական շահարկումներից հնարավոր լինի զերծ մնալ: Սա բնականոն գործընթաց է, ըստ էության, որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում: Եվ, իհարկե, այստեղ կա նաև որոշակի առնչություն քաղաքական գործընթացների հետ, որովհետև մեծ հաշվով դժվար էր հավատալ, որ առանց երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների իրական քայլեր կարվեին՝ այս ինստիտուտն իրականում ներդնելու համար: Բայց հիմա մենք խնդիր ունենք ոչ միայն այս ինստիտուտն ուղղակի ներդնել, այլ խնդիր ունենք լուծել հետևյալ հարցերը՝
1. Որպեսզի մենք համոզված լինենք, որ սա գողացված ակտիվների վերադարձի գործուն մեխանիզմ է:
2. Որ սա քաղաքական վենդետայի գործիք լինել չի կարող:
3. Որ այս ողջ գործընթացի ընթացքում մենք ի վիճակի կլինենք ապահովել մարդու իրավունքների լիարժեք պաշտպանությունը, և Հայաստանի Հանրապետությունն այս իմաստով որևէ նեգատիվ ազդեցություն չի ունենա՝ նկատի ունեմ երկրի իմիջի առումով, մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից: Բայց նաև մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարը դեկլարատիվ մակարդակից տեղափոխվի ինստիտուցիոնալ մակարդակ:
Ուզում եմ ասել, որ այսօր նաև զուտ ներդրումային միջավայրի առումով մենք ունենք շատ կոնկրետ խնդիրներ, որոնց հետ առնչվում ենք: Իհարկե, որոշ դեպքերում արդեն իրավապահ մարմինները կոնկրետ գործողություններ են ձեռնարկել. Գիտեք, որ և՛ Հատուկ քննչական ծառայությունը, և՛ Քննչական կոմիտեն, եթե չեմ սխալվում, արդեն իսկ որոշ գործերով որոշակի տեղեկատվություն են փոխանցել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, որպեսզի նախկինում ապօրինի սեփականաշնորհված գույքերը վերադարձվեն պետությանը: Եվ սա, ըստ էության, այդ գործընթացի հետ առնչություն ունեց ող երևույթ է: Բայց մենք այսօր զուտ ներդրումային միջավայրի առումով ունենք հետևյալ խնդիրը, որ բազմաթիվ ներդրողներ բախվում են հետևյալ պրոբլեմի հետ. ասենք, օրինակ, հասկանալի է, որ կա նաև հողեր ձեռք բերելու խնդիր: Ես, օրինակ, կոնկրետ ներդրողներից ունեմ շատ էմոցիոնալ արձագանքներ, երբ նրանք որևէ տեղում հող ձեռք բերելու համար բախվում են անտրամաբանական գների, այսինքն՝ այդ սեփականատերերը մի քանի միլիոն դոլարով փորձում են վաճառել ինչ-որ գույք, հող: Կան ներդրողներ, ովքեր չեն ալարել և փաստաբաններ են վարձել և հետաքննել են, ըստ էության, պարզելու համար, թե, օրինակ, այդ գույքն ում է պատկանում և ինչ գնով է ձեռք բերվել: Պարզվում է, որ դրանք պատկանում են, օրինակ, բարձրաստիճան պաշտոնյաների՝ ներկա կամ նախկին, էական չէ տվյալ դեպքում, և այդ գույքը ձեռք է բերվել, ասենք, ծիծաղելի գներով և հիմա 1000, 2000, 3000, 10000 տոկոսով ավելի գներով փորձ է արվում վաճառել: Մենք պետք է այս խնդիրներին ոչ էմոցիոնալ հանգիստ, հանդարտ որոշակի վերաբերմունք ձևավորենք՝ հասկանալու համար, թե ինչպես ենք այս խնդիրները լուծելու»:
Հաջորդիվ քննարկվել են առանց մեղադրական դատավճռի կայացման ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմանը և կիրառմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել կիրարկման մեխանիզմներին և գործիքակազմին, հանցագործությունների բնույթին, սուբյեկտների շրջանակին, բանկային գաղտնիքին վերաբերող և մի շարք այլ հարցերի:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիայի մեջ ներգրավված պաշտոնատար անձանց, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ամփոփել ներկայացված օրենքի նախագիծը և ուղարկել միջազգային փորձաքննության: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտել է՝ առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման հարցը կարևոր նշանակություն ունի հակակոռուպցիոն իրական պայքար տանելու առումով, և դրան ուղղված իրավական մեխանիզմները՝ և՛ մարդու իրավունքների պաշտպանության, և՛ բանկային գաղտնիքի ապահովման, և՛ կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից պետք է համապատասխանեն միջազգային լավագույն չափանիշներին