Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է որակավորման ստուգման գործող կարգը լրացնել որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարությունը նոտարական տարածքի և նստավայրի նշմամբ տալու հնարավորությամբ, այսինքն` որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարությունը կարող է տրվել առանց նոտարական տարածքի և նստավայրի նշման` բոլոր նոտարական տարածքներում թափուր հաստիքները լրացնելու համար կամ նոտարական տարածքի և նստավայրի նշմամբ` այդ նոտարական տարածքում առկա թափուր հաստիքները լրացնելու համար:
Այժմ, «Նոտարիատի մասին» օրենքի համաձայն՝ նոտարիների որակավորման քննության անցկացման համար հրապարակվում է հայտարարություն: ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի թիվ 789-Ն որոշման համաձայն սահմանվում է նոտարների թեկնածուների որակավորման ստուգումն իրականացվման կարգը: Ո՛չ օրենքը, և ո՛չ կառավարության որոշումը չեն նախատեսում առանձին նոտարական տարածքի և նստավայրի նշմամբ որակավորման քննություն հայտարարելու հնարավորություն: Արդյունքում որակավորման քննություն անցկացնելու համար հայտարարությունը տրվում էր վերացական` առկա բոլոր թափուր հաստիքները լրացնելու նպատակով: Ստեղծվում էր մի իրավիճակ, որ հաղթող ճանաչված անձինք հրաժարվում էին նշանակվել որոշակի նոտարական տարածքներում, օրինակ` մարզերի հեռավոր նստավայրերում, ինչի արդյունքում լրացվում էր միայն Երևան քաղաքի և մարզկենտրոնների հաստիքները, իսկ վերոհիշյալ վայրերում հաստիքները մնում էին թափուր: Նոտարի բացակայությունը կոնկրետ նստավայրում անհարմարություն է առաջացնում վերջինիս ծառայությունից օգտվող անձանց համար:
Ուստի` անհրաժեշտություն է առաջացել սահմանել այնպիսի կարգավորում, որի պարագայում հնարավոր լինի որակավորման քննություն անցկացնել կոնկրետ նոտարական տարածքի և նստավայրի թափուր հաստիքը համալրելու համար: Այս դեպքում քննության մասնակցող անձը հստակ գիտակցում է, որ հաղթող ճանաչվելու դեպքում կարող է նոտար նշանակվել միայն նշված նոտարական տարածքում և կարող է փոխադրվել այլ մարզ կամ Երևան քաղաք` իր նշանակման վայրում որոշակի ժամանակահատված նոտարական գործունեություն իրականացնելուց հետո
Նախագծով առաջարկվում է նախագծով նոտարի համար այլ նոտարական տարածք տեղափոխվեու դեպքում սահմանվում են ժամկետային սահմանափակումներ, այն է` մարզ` առնվազն 3 տարի, Երևան քաղաք` առնվազն 5 տարի նոտարական գործունեություն իրականացնելուց հետո: Նոտարի պաշտոնում նշանակում կատարելիս արդարադատության նախարարը առաջնահերթությունը տալիս է որակավորման վկայական ունեցող այն անձին, ով անցել է հստակ նոտարական տարածքի նշմամբ հայտարարված որակավորման ստուգում:
Նախագծի ընդունումը կնպաստի նոտարի արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայությունների մատուցման որակի լավացմանը: