Դավիթ Սանասարյանը` իրեն առաջադրված մեղադրանքի մասին

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի հայտարարությունը` իրեն առաջադրված մեղադրանքի մասին. «Սիրելիներ ջան

Հանուն Նոր Հայաստանի պայքարը շարունակվում է, չընկրկել, չվհատվել ու շատ կարևոր է, որ մեր գործողությունների հիմքը միմիայն լինի սերը առ հայրենիք։

Միշտ պետք է հիշենք, որ պայքարի ճանփաները փշոտ ու քարքարոտ, իսկ վերջնական հաղթանակը երբեք հեշտ չի տրվում։

Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի։

Մանրամասներրի մասին կխոսեմ հետագայում։

Բոլորիդ սիրող, Նոր ու հզոր Հայաստանի անուղղելի հավատավոր մարտիկ, Ձեր բոլորի խոնարհ, բայց հպարտ ծառա
Դավիթ»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր` ապրիլի 18-ին, Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել