Եվ այդ քրեակատարողական հիմնարկի պետը դեռ շարունակում է աշխատե՞լ իր պաշտոնում. Նիկոլ Փաշինյանը՝ ՔԿՀ-ներում «արտոնյալ» դատապարտյալների մասին

Կառավարության որոշմամբ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2018 թ. համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեին կհատկացվի 19406.0 հազ. դրամ: Հիմնավորման համաձայն՝ 2018թ. այն չի կիրառվել, ինչն էլ  ֆինանսական ծանր հետևանքներ է առաջացրել: Մասնավորապես, կուտակվել է մի քանի ամսվա աշխատավարձի պարտք: Հաշվի առնելով Մեղրու տարածաշրջանի զարգացման ռազմավարական կարևորագույն նշանակությունը և սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված խնդիրների լուծման առաջնահերթությունը, 2018 թ. համար Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց գանձված վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչի կիրառումը մասնակի կմեղմի ընկերության ֆինանսական ճեղքվածքը: Արդյունքում՝ օժանդակություն կցուցաբերվի հանրապետության ամենահեռավոր և ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանի բնակիչներին և խթանվի  համայնքում գյուղատնտեսական արտադրանքը:

Ագրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանում փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման նկատմամբ հետաքրքրությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:  Ծրագրով նախատեսվում է անասնաշենքերի կառուցման համար տնտեսավարողների կողմից կատարված ներդրումների և ծախսերի մասնակի փոխհատուցում 50 տոկոսի չափով, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար 70 տոկոսի չափով։

«Այս փուլում մեզ պետք է իրոք լուրջ խթանել: Լուրջ խթանենք, հետո կմտածենք, թե ոնց ենք հարկում, այսինքն՝ հարկային պոտենցիալ առաջացնել, հետո նոր մտածել հարկման մասին: Այսինքն՝ մեր ակնկալածից խելացի անասնագոմերի նկատմամբ հայտերը մոտավորապես 10 անգամ ավելի շատ են, քան կառավարությունը կանխատեսում էր»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով բարձր որոկի կաթի արտադրության հարցին Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կարող է ստացվի այնպես,  օրինակ, մենք հիմա ասում ենք բարձր որակի 90 հազար տոննայի կաթի դեֆիցիտ ունենք, որ պարզվի, որ շատ ավելի մեծ է առաջարկը, քան կա պահանջարկ: Բայց սա լրիվ տեղավորվում է մեր ռազմավարության մեջ: Մենք հիշում ենք, որ խնդիր ենք դրել արտահանմանը միտված տնտեսություն կառուցել, հետևաբար, այսօրվանից մենք պետք է այդ հնարավոր ռազմավարությունն ունենանք, թե ինչ հնարավոր արտահանման մեխանիզմներ և ուղիներ կարող են այստեղ լինել»:

Կառավարությունը որոշել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թ. ձմեռային զորակոչից մինչև 2019 թ. ձմեռային զորակոչը տարկետում տալ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների: Հիմնավորման համաձայն՝ որոշումը կնպաստի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացմանը, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելուն, ֆուտբոլ  մարզաձևը Հայաստանում զարգացնելուն: Բացի այդ, 2019 թ.-ին Հայաստանում անցկացվելու է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, որը բացառիկ մարզական միջոցառում է: Որոշմամբ մեկ տարով տարկետում է տրամադրվել 15 ֆուտբոլիստների։

Գործադիրի որոշմամբ 2019 թ. հունիսի 9-ին ՀՀ Լոռու մարզի Քարաձոր համայնքում  կանցկացվեն համայնքի ղեկավարի և ավագանու անդամների արտահերթ ընտրություն, իսկ  Լեռնավան համայնքում՝ ավագանու անդամների արտահերթ ընտրություն:

Կառավարությունը մեկ շաբաթով հետաձգել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը լրացուցիչ 30 հաստիք տրամադրելու մասին որոշման նախագիծը՝ ավելի հիմնավոր փաստարկներ ներկայացնելու համար: Ըստ նախագծի հիմնավորման՝ այդ հաստիքները կհամալրվեն ծառայության պահպանության ապահովման ստորաբաժանման կառուցվածում և ամբողջությամբ կընդգրկվեն քաղաքացիական առողջապահական բուժհաստատություններում իրականացվող ծառայությունում՝ բացառելով արգելված իրերի փոխանցման կամ փախուստի հնարավորությունները:  

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ լրացուցիչ 30 հաստիք տրամադրելու անհրաժեշտություն չկա և առաջարկել ոլորտում առկա թափուր հաստիքների վերաբաշխում իրականացնել: «Նույն աշխատավարձն է, նույն աշխատանքն է, նույն համազգեստն է, բայց վայրն է տարբեր: Այսինքն՝ ունենք մի քանի հարյուր թափուր հաստիք, ավելացնում ենք ևս 30-ը, տրամաբանությունը չեմ հասկանում»,- ասել է վարչապետը:

Այնուհետև կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև  քրեակատարողական հիմնարկների պայմաններին՝ նշելով, որ այնտեղ շարունակում են լինել մարդիկ, ովքեր արտոնյալ պայմաններում են ապրում և այլն: «Այս հարցերը լուծված չեն: Շատ կարևոր է հասկանալ մի բան. պարտադիր չէ երկրի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչը կամ վարչապետը բոլոր տեղերը մտնի և  ասի որտեղ ինչ պետք է լինի: Այդ մարդիկ այսօր ՀՀ-ում ապրո՞ւմ են, թե՞ չէ, հեռուստացույց նայո՞ւմ են, թե՞ չէ, լրատվությանը ծանոթանո՞ւմ են, թե՞ չէ, ելույթներին հետևո՞ւմ են, թե՞ չէ: Այդ մարդիկ հետևություններ չեն անում: Ի՞նչ է նշանակում քրեակատարողական հիմնարկում կան կալանավորներ, որոնց հանձնուքը չի ստուգվում, կարո՞ղ եք բացատրել ինչ է դա նշանակում: Եվ այդ քրեակատարողական հիմնարկի պետը դեռ շարունակում է աշխատե՞լ իր պաշտոնում»,– ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյան հանձնարարել է արդարադատության նախարարին ներկայացնել երկարաժամկետ ծրագիր՝ ոլորտում առկա բոլոր խնդիրների լուծման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել