ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է երիտասարդ կնոջ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 38-ամյա տղամարդուն։
Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թ. օգոստոսի 30-ին՝ Երևան քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկում, հայտնաբերվել էր երիտասարդ կնոջ դի՝ կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:
Փաստի առթիվ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ երիտասարդ կինը յոթ տասնյակից ավելի կտրած-ծակած վնասվածքներն ստացել էր 38-ամյա տղամարդու հետ մասնավոր հարցերի, այն է՝ երեխային տեսակցելու հարցի շուրջ տեղի ունեցած վեճի ժամանակ: Ստացած վնասվածքներից կինը մահացել էր տեղում։
Քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 1980թ. ծնված տղամարդը չի կատարել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից տրված կատարողական թերթի պահանջները, այն է՝ արգելել խոչընդոտել երեխայի և վերջինիս հետ չբնակվող մոր շփմանը. դատարանը կնոջը թույլատրել էր շփվել դստեր հետ, մասնակցել վերջինիս խնամքին և դաստիարակության իրականացմանը, սակայն տղամարդը խուսափել էր երեխայի և մոր միջև դատական կարգով սահմանված մեկ ամսվա ընթացքում երեք անգամ տեսակցությունն իրականացնելուց:
Փաստի առթիվ 29.06.2018թ. ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:
2018թ. սեպտեմբերի 1-ին որոշում է կայացվել՝ նշված քրեական գործերը մեկ վարույթ միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու վերաբերյալ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1980թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: