ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահպանության գծով տնօրենի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։ Երեք անձ ձերբակալվել է:
Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահպանության գծով տնօրենի տեղակալը հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. ապրիլի 15-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի բնակիչը՝ ծնված 1973 թվականին, վիճաբանել է իր հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել իր նկատմամբ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով:
Իրականացված մի շարք քննչական և դատավարական այլ գործողությունների ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրը տարածքում շրջայց կատարելու ժամանակ տնօրենի տեղակալը հայտնաբերել է փայտանյութով բեռնված բեռնատարներ, ինչի շուրջ էլ ծագել է վիճաբանությունը:
Պարզվել է նաև, որ միջադեպին մասնակից են եղել նաև Ճամբարակ քաղաքի ևս երկու բնակիչներ՝ ծնված 1980 և 1994թթ.:
Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նշված անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի շուրջ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի լրիվ հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով: