Գոռ Հովհաննիսյանը անդամակցել է ԻՀԱ-ին և որպես ԻՀԱ-ի մասնագիտական հանձնաժողովի նախագահ իր գործունեությունը իրականացրել է կամավոր հիմունքներով

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը:

Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը սկսվեց այսօր՝ ապրիլի 16-ին, գումարվող Ազգային ժողովի հերթական նիստին:

Հարցի քննարկման ժամանակ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Գոռ Հովհաննիսյանին հնարավորություն է տրվել ուղղել իր կողմից ներկայացված կենսագրական տվյալներում առկա բացթողումները:

«Պարոն Հովհաննիսյանը նոր փաստաթղթերն է ներկայացրել, որոնցով ոչ թե հիմնավորել է նախորդ կենսագրական քարտում առկա տվյալները, այլ ներկայացվել են նոր կենսագրական տվյալներ: Օրինակ՝ եթե առաջին դեպքում ներկայացված էր, որ 2001-2002թթ. պարոն Հովհաննիսյանը աշխատել է տնտեսական դատարանում կադրերի գծով տեսուչ և չկար որևէ ապացույց, որ այս կադրերի գծով տեսուչը իրավաբանական իրավաբանական, մասնագիտական գործունեություն է, սակայն նոր տարբերակում ավելացել է նոր կենագրական տվյալ, որը նախկինում չկար: Դրա համաձայն՝ Գոռ Հովհաննիսյանը աշխատել է… «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունից տեղեկանք կա, որտեղ ասվում է, որ այս ինչ թվականին, այս ինչ ժամանակ նա աշխատել է քրեական իրավունքի հանձնաժողովի ղեկավար և միջազգային ու սահմանադրական իրավունքի հանձնաժողովի նախագահ: սա էլի տեղեկանք է, որ նա աշխատել է, էլի, ինչպես օրենքը պահանջում է, իրավաբանական մասնագիտական գործառույթները նկարագրված չեն»,-նշեց նա:

Գոռ Հովհաննիսյանը, ի պատասխան ԱԺ նախագահի հայտարարությանը, նշեց, որ համաձայն չէ արտահայտված մտքի հետ և ինչ-որ շփոթ կա.

«Այն փաստաթղթերը, որոնք ներկայացվել են, պաշտոնական փաստաթղթեր են: Խնդիրը այն է, որ երբ ես առաջին անգամ ներկայացրեցի 15 տարվա մասնագիտական փորձառությունը հավաստող փաստաթղթերը, ես ներկայացրեցի աշխատանքային պայմանագրեր, որոնցով ես աշխատել եմ ու որոնցում նախատեսված ժամանակահատվածում դրանց գումարը առնվազն կազմում էր 15 տարի: Հետո, երբ ես հասկացա, որ որոշ պատգամավորներ, մասնագետներ, այլ կերպ են մեկնաբանում Սահմանադրության 165-րդ հոդվածում նախատեսված մասնագիտական փորձառություն հասկացությունը, այսինքն, նրանք ուզում են տեսնել իրար հետևից, անընդհատ մասնագիտական ստաժ, ոչ թե մասնագիտակա  փորձառություն, դրա համար ես այն աշխատանքները, որոնք ես արել էի, բայց կոնկրետ դեպքում ինձ համար անկարևոր էին թվացել, քանի որ այլ աշխատանքային պայմանագրերով իմ փորձառությունը կազմում է 15 տարի, ես որոշեցի այս դեպքում լրացնել: Հետևաբար, խոսքը ոչ թե շփոթի, այլ ընդամենը լրացման մասին է»:

Իրավաբանների հայկական ասոցիացիայից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ Գոռ Հովհաննիսյանը ասոցիացիա է դիմել՝ տեղեկանք ստանալու այն մասին, որ նա եղել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Քրեական իրավունքի հանձնաժողովի ղեկավարը։

Իրավաբանների հայկական ասոցիացիայից հայտնում են, որ ասոցիացիան այդ ժամանակ ունեցել է մասնագիտական տարբեր հանձնաժողովներ, որոնցից երկուսը` տարբեր ժամանակահատվածներում ղեկավարել է Գոռ Հովհաննիսյանը: Նա ասոցիացիայի հետ չի գտնվել աշխատանքային իրավահարաբերությունների մեջ, այլ անդամակցել է ասոցիացիային և որպես ասոցիացիայի մասնագիտական հանձնաժողովի նախագահ իր գործունեությունը իրականացրել է կամավոր հիմունքներով:

Հավելենք, որ Գոռ Հովհաննիսյանը Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվեց: ԱԺ-ում այսօր ՍԴ դատավորի ընտրության քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ:

Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 24, դեմ՝ 75 պատգամավոր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել