Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով իրականացվող «Հայկական Բիզնես Կոալիցիայի կարողությունների զարգացման ծրագրի» շրջանակներում այսօր՝ ապրիլի 16-ին տեղի ունեցավ «Բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը գնումների ոլորտի օրենսդրության բարեփոխումների իրականացմանը» թեմայով քննարկումը:
Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի տնօրեն Գագիկ Վարդանյանը ողջույնի իր խոսքում նշեց, որ հանդիպման նպատակը վերջին շրջանում ակտիվորեն քննարկվող գնումների ոլորտում օրենսդրական փոփոխություններ նախատեսող նախագիծն է:
ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը նշեց, որ օրենսդրական բարեփոխումների նպատակով անցկացվում են հանդիպումներ հասարակական և բիզնես հատվածի ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքում ակնկալվում է ախտորոշել և բարձրաձայնել բոլոր խնդիրները:
«Գնումների բովանդակությունը պետք է լինի այնպիսին, որ դեռևս բյուջետային քննարկումների փուլում գերատեսչությունները հանրությանը ներկայացնեն իրենց կարիքները՝ հիմնավորելով դրանց նպատակը: Գնումների գործընթացը ամենառիսկային ոլորտներից մեկն է, ուստի այստեղ ամենակարևորը հրապարակայնության և հաշվետվողականության ապահովումն է, որը պետք է իրականացվի քաղհասարակության անմիջական մասնակցությամբ», – ասել է Բրուտյանը:
Նա ևս մեկ անգամ վերահաստատեց ֆինանսների նախարարության հետ ցանկացած ժամանակ համագործակցելու պատրաստակամությունը:
ԿԵՀ ծրագրի ղեկավար, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանի խոսքով, բիզնեսը և քաղհասարակության կազմակերպություններն արձագանքում են այն դեպքերում, երբ արդեն օրենքներն ու նախագծերն ընդունված են, իսկ խաղի կանոնները՝ սահմանված:
«Այժմ բացառիկ հնարավորություն է մասնակցել այդ խնդիրների վերհանմանը: Պետք է լուրջ ախտորոշում կատարվի, որպեսզի հետո բուժումը ճիշտ կազմակերպվի»,-նշեց նա:
Գնումների ոլորտի օրենսդրության փոփոխությունների նախագծի հիմնական դրույթները ներկայացրեց ֆինանսների նախարարության պետական գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը:
Քննարկման ավարտին մասնագետները պատասխանել են ՀԿ ներկայացուցիչների ոլորտային հարցերին և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀԿ ներկայացուցիչները օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրենց առաջարկությունները ներկայացնեն ֆինանսների նախարարություն:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:
Քննարկման ավարտին մասնագետները պատասխանել են ՀԿ ներկայացուցիչների ոլորտային հարցերին և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀԿ ներկայացուցիչները օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրենց առաջարկությունները ներկայացնեն ֆինանսների նախարարություն: