Այսօր՝ ապրիլի 15-ին, Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրասենյակում տեղի ունեցավ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) նախագահ Կարեն Զադոյանի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանի, խորհրդի անդամներ Գևորգ Գրիգորյանի և Էմին Երիցյանի հանդիպումը Սինգապուրում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հանրային ծառայության արդյունավետության բարելավման գլոբալ կենտրոնի «Կոռուպցիայի դեմ պայքարը խաղաղության և ներառական հասարակությունների համար» Ծրագրի ղեկավար Աիդա Արությունովայի և ՄԱԶԾ Գլոբալ ծրագրի հակակոռուպցիոն խորհրդական Անգա Թիմիլսինայի հետ:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ԻՀԱ հակակոռուպցիոն փորձագետներ Մարիամ Զադոյանը, Նարեկ Ենոքյանը, Արտյոմ Մեսրոպյանը, Լուսինե Նալբանդյանը, ինչպեսև ԻՀԱ խորհրդի անդամներ Սյուզաննա Սողոմոնյանը և Մարատ Ատովմյանը:
Հանդիպմանը քննարկվեց Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը և դրանց իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից նախաձեռնված և իրականացված բարեփոխումները ապօրինի հարստացման քրեականացման, ազդարարների պաշտպանության մեխանիզմների ներդրման և այլ ոլորտներում:
Մասնակիցները քննարկեցին նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են անկախ հակակոռուպցիոն մարմնի մոդելի ընտրությունն ու ներդրումը Հայաստանում, ակտիվների վերադարձը, իրական սեփականատերերի ինստիտուտի նեդրումը և այլն:
Կարեն Զադոյանը նշեց, որ հակակոռուպցիոն պայքարում մի շարք հարցերին զուգահեռ լուրջ քննարկման կարիք ունի հակակոռուցիոն անկախ մարմնի ներդրումը, ինչի վերաբերյալ փորձագիտական աշխատանք է կատարվել կազմակերպության կողմից: Սյուզաննա Սողոմոնյանի խոսքով, զտվել են հակակոռուպցիոն անկախ ունիվերսալ մարնի թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը: Առաջին հերթին պետք է նշել, որ հակակոռուպցիոն մարմինը ունիվերսալ չլինելու դեպքում կարող է անկախության խնդիր ունենալ, քանի որ ինքնավար մարմնի դեպքում այն սահմանադրությամբ սահմանված մարմին չի լինի և նշանակված չի լինի Ազգային ժողովի կողմից և այլն:
Անգա Թիմիլսինան շնորհակալություն հայտնեց ստացված ինֆորմացիայի համար՝ նշելով, որ երբ իմացել են Հայաստանում սպասվող միջազգային համաժողովի մասին՝ սիրով պատրաստակամություն են հայտնել մասնակցություն ունենալ դրան և ճիշտ ժամանակին իրենց փոքր ներդրումը կունենա դրա կայացման հարցում:
Աիդա Արությունովան հույս հայտնեց, որ կլինի կարևոր մասնագիտական քննարկում, և կօժանդակեն հասկանալու՝ թե Հայաստանի համար հակակոռուպցիոն ո՞ր մոդելն առավել նպատակահարմար կլինի ներդնել:
Քննարկման մասնակիցները խոսեցին տարբեր երկրներում ներդրված հակակոռուպցիոն մարմինների հաջողված ու ձախողված փորձերի և քաղված դասերի մասին, մասնավորապես՝ կարևորվեց երկրում առկա առանձնահատկությունները հաշվի առնելը հակակոռուպցիոն մարմնի մոդելի ընտրության գործընթացում:
Հավելենք, որ ԻՀԱ-ն կազմակերպել է նաև հանդիպում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ համաժողովի կազմակերպիչների և միջազգային փորձագետների հետ, որոնք տեղի կունենան վաղը՝ ապրիլի 16-ին:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-18-ին տեղի կունենա «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով կառավարություն-քաղաքացիական հասարակության փորձագիտական միջազգային համաժողովը: