Կառավարությունը ապրիլի 11-ին որոշում ընդունեց մի շարք փոփոխություններ կատարել ճանապարհային երթևեկության կանոններում՝ ճանապարհային երթևեկության գործող կանոնները, ճանապարհային նշանները և ճանապարհային գծանշումներն արդի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Նշվում է, որ շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկում երթևեկության առավելություն ունի խաչմերուկ մուտք գործող տրանսպորտային միջոցի վարորդը, և խնդրի լուծման համար շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկները կահավորվել են լրացուցիչ ճանապարհային նշաններով, ինչը խնդիրը լուծելով հանդերձ՝ ծանրաբեռնում է փողոցները և դժվարացնում երթևեկությունը:
Փոփոխության համաձայն շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկում երթևեկության առավելությունը կտրվի խաչմերուկում գտնվող տրանսպորտային միջոցի վարորդին:
Այսպիսով, կառավարության որոշման 98.1. 4.3 կետի համաձայն «Շրջանաձև երթևեկություն» նշանով կահավորված շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ մուտք գործելիս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել այդպիսի խաչմերուկում երթևեկող տրանսպորտային միջոցներին: