ՊՆ-ն զինծառայության մեջ գտնվող և սպորտի բնագավառում հաջողություններ ունեցող անձանց մարզական ակումբում ընդգրկելու հարցը հստակեցնում է

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում գործող «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն-առողջարանի իրավական կարգավիճակը հստակեցնելու, ինչպես նաև  զինվորական ծառայության մեջ (պարտադիր կամ պայմանագրային) գտնվող և սպորտի բնագավառում հաջողություններ ունեցող անձանց մարզական ակումբում ընդգրկելու, այդ ակումբի իրավական կարգավիճակն սահմանելու անհրաժեշտությամբ:

Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում գործում է «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն-առողջարանը, որը երկու տասնամյակից ավելի իրականացնում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց կողմից արտոնյալ պայմաններով (անվճար և (կամ) զեղչված գներով) հանգստի և որոշակի վերականգնողական առողջարանային գործընթաց:

Հանգստյան տուն-առողջարանը գործում է զորամասի կարգավիճակով, ինչը սակայն որոշակիորեն սահմանափակում է նրա մասնակցության շրջանակը քաղաքացիաիրավական հարաբերություններին: Ներկայումս պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայության շրջանակներում ՀՀ զինված ուժերում ծառայություն են անցնում սպորտի բնագավառին առնչություն ունեցող բազմաթիվ զինծառայողներ, նրանցից շատերն ունեն լրջագույն ձեռքբերումներ, մինչև 2017 թվականը ՀՀ զինված ուժերում գործում էր բանակի մարզական ակումբ անվանումով զորամաս, որը սակայն լուծարվել է՝ դրա գործունեության իրավական վիճակը հստակեցված չլինելու պատճառով: Արդյունքում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսվել է սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին ՀՀ կառավարության որոշմամբ տարկետում տալու հնարավորություն, որի շրջանակներում ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 450-Ն որոշման հիման վրա 2018թ. հայտարարված երկու զորակոչերից արդեն իսկ տարկետում է ստացել շուրջ 50 քաղաքացի:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բազմաթիվ երկրների զինված ուժեր ունեն իրենց մարզական ակումբները՝ դրանցում ներառված մի շարք մարզաձևերով, որոնց հավաքական թիմերը հաջողությամբ հանդես են գալիս թե ներքին, և թե միջազգային մրցաշարերում: ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական հաստատության կարգավիճակով մարզական ակումբի ստեղծումը հնարավորություն կընձեռի այդ ներուժն ինտեգրել զինված ուժերին, կբարձրացնի զինվորական ծառայության գրավչությունը:

Բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել տարբեր ուղղություններով զինված ուժերի գործունեության իրավական հիմքերը, պայմաններ ստեղծել զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց սոցիալական երաշխիքների լիարժեք իրականացման և զինծառայողների ինքնադրսևորման համար:

Օրենքի ընդունումը կապահովի զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց սոցիալական երաշխիքների լիարժեք իրականացման գործընթացը, զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման պետական հիմնարկների բնականոն գործունեությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել