ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը:
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերի ու «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի կատարումն ապահովելու հանգամանքով:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասի» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է ՀՀ կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ:
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվում են նաև զորակոչի կազմակերպման հետ կապված գործողությունները, զորակոչի կազմակերպման մարմինները, զորակոչի ժամկետը և սույն օրենքով նախատեսված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրման մասին, իսկ 25-րդ հոդվածի 1-ին մասերի համաձայն` շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչի կազմակերպման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվում են հանրապետական և, ըստ մարզերի (Երևան քաղաքի)` մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` ՀՀ պաշտպանության նախարարի ներկայացմամբ:
«Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ այլընտրանքային ծառայության զորակոչը և պահեստ արձակումը կատարվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստ արձակելու հետ համատեղ:
Որոշման նախագծով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
Այս նախագծի ընդունմամբ կապահովի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման գործընթացը:
- Հայտարարել 2019 թվականի մայիս-հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը (այսուհետ` 2019 թվականի ամառային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2019 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2019 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
- 2019 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2019 թվականի հւոլիսի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
- Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
- 2019 թվականի ամառային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի:
- Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի: