Ինչպե՞ս է կազմակերպվում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար մասնագիտական կողմնորոշման աշխատանքների իրականացումը

Զբաղվածության պետական ծառայությունն իրեն դիմած 16 տարին լրացած՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար իրականացնում է մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ և հաշվի առնելով նրանց աշխատանքային ունակություններն ու առողջական վիճակը` աջակցում է նրանց աշխատանքի տեղավորմանը:

Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, անկախ կազմակերպական-իրավական ձևից, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար կարող են ստեղծվել մասնագիտացված աշխատատեղեր:

Կազմակերպության լուծարման դեպքում գործատուները պարտավոր են կազմակերպել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասնագիտական ուսուցումը և այլ գործատուների մոտ նրանց աշխատանքի տեղավորումը:

Առանց ծնողական խնամքի մնացած երեխա է համարվում 18 տարին չլրացած այն երեխան, որի ծնողները (կամ միակ ծնողը) մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափում են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են:Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք են համարվում նաև 18-23 տարեկան այն անձինք, որոնց ծնողները (կամ միակ ծնողը) մինչև նրանց 18 տարին լրանալը մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել
են անգործունակ, խուսափել են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են:

Սա կարգավորվում է «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի 2-րդ և 10-րդ հոդվածներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել