ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ այն քաղաքացիները, ովքեր 2018 թվականից հունվարից սկսած մինչև հունիս ամսվա օրենսդրական փոփոխությունները մեքենաների տեխզննման համար ունեն ավելի վճարված բնապահպանական գումարներ, կարող են ապրիլի 11-ից հետո, վեց ամսվա ընթացքում հետ ստանալ:
Բնապահպանական վճարները հետ ստանալու համար քաղաքացիները պետք է դիմում ներկայացնեն համապատասպան բանկ կամ ՖՆ գանձապետարան:
ՀՀ ՖՆ եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանի խոսքով՝ եթե քաղաքացին վճարումը կատարել է բանկի միջոցով՝ դիմումին կից պետք է ներկայացնի տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի պատճենը և բնապահպանական հարկի վճարման անդորրագիրը: epayment.am էլեկտրոնային համակարգի միջոցով կատարված վճարման դեպքում՝ վերադարձն իրականացնում է գանձապետարանը:
«Վճարման կտրոնը պարտադիր է՝ համաձայն կարգի: Իսկ այն քաղաքացիներն, ովքեր չեն պահպանել անդորագիրը, բանկի միջոցով հնարավորություն կունենան ստանալու կրկնօրինակը, որովհետև բանկն այդպիսի հնարավորություն ընձեռում է»:
ՖՆ պաշտոնյայի խոսքով՝ ավելի վճարված գումարի չափը ամենևին պարտադիր չէ, որ ինքնուրույն հաշվակի քաղաքացին: Ընդամենը անհրաժեշտ է մոտենալ բանկ և ստանալ այդ տեղեկատվությունը: Այդ հարցում կօգնի նաև ֆինանսների նախարարությունը՝ տրամադրելով անհատական տեղեկատվություն:
Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ համաձայն ընթացակարգի՝ այդ գումարները վերադարձվելու են 6 ամսվա ընթացքում: Ուստի դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել առաջիկա 6 ամիսների ընթացքում, դրանից հետո վերադարձման ընթացակարգ նախատեսված չէ:
Հիմքը՝ ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 814-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» թիվ 314-Ն որոշում