ՀՀ ոստիկանությունում ծառայելն օրեցօր ավելի պատվաբեր ու արժանապատիվ, բայց նաև՝ դժվար ու պատասխանատու է դառնում: Խնդիրը միայն նոր ժամանակների նոր մարտահրավերները չեն: Դա պայմանավորված է նախևառաջ ոստիկանության հանդեպ հասարակության աճող վստահությամբ, որը համարժեք աշխատանք ու ծառայություն է պահանջում: Եվ ոստիկանությունն անում է ամեն ինչ՝ քաղաքացու վստահությունն արդարացնելու համար: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Իսկ վիճակագրությունը փաստում է, որ միայն վերջին 3 ամիսներին ոստիկանության համակարգ է ընդունվել 71 շարքային: Սա 51 տոկոսով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
3 ամսում ոստիկանության համակարգում ծառայության է վերականգնվել 123 ծառայող՝ 62-ով ավելի անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Նվազում կա ոստիկանությունից ազատվածների թվում: Եթե անցած տարի 3 ամսվա ընթացքում ոստիկանության համակարգից ազատվել էր 118 սպա, ապա այս տարի նրանց թիվը՝ 97 է:
Գոհացուցիչ են տվյալները նաև շարքայինների առումով: Անցած տարվա նույն ժամանակահատվածում ազատվել է 194, այս տարի՝ 113 ծառայող՝ 41 տոկոսով պակաս:
Թվերն ինքնին խոսուն են և վկայում են հանրային իրավագիտակցության բարձրացման ու համաքաղաքացիների վստահությանը համարժեք ծառայելուն ոստիկանության պատրաստակամության մասին: