Իշխանությունները խոստացել էին, որ ինձ բանտ չեն ուղարկի. Նիկոլ Փաշինյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Եվրոպայի խորհուրդ:

Հայաստանի  վարչապետն ապրիլի 11-ին մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հարգելի տիկին նախագահ,

Եվրոպայի խորհրդի հարգելի պարոն գլխավոր քարտուղար,

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հարգելի պատգամավորներ,

Ընդունված պրակտիկա է, երբ այս ամբիոնից ելույթ ունեցող բարձրաստիճան հյուրերն իրենց խոսքն սկսում են հետեւյալ նախադասությամբ. «Ինձ համար մեծ պատիվ է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից ելույթ ունենալը»: Սա իսկապես մեծ պատիվ է, բայց թույլ տվեք ասել, որ այս ամբիոնից ելույթ ունենալն ինձ համար ունի առանձնահատուկ իմաստ եւ նշանակություն:

Հիմա փորձեմ բացատրել, թե ինչու:

1999 թվականի ամռանը, լինելով «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր ես սպասում էի իմ դեմ հարուցված քրեական գործի դատավճռին: Քրեական գործի հարուցման առիթն իմ խմբագրած թերթում լույս տեսած մի հրապարակում էր:

Դատախազը պահանջել էր ինձ դատապարտել 3 տարվա ազատազրկման եւ բանտ ուղարկել: Այդ ժամանակներում գրեթե անհնար էր, որ դատարանը դատախազի ասածից շեղվի: Բայց այդ օրերին հրաշքի նման մի բան տեղի ունեցավ, եւ դատարանը, ինձ դատապարտելով մեկ տարվա ազատազրկման, դա արեց այնպես, որ իմ բանտում հայտնվելը որոշակիորեն հետաձգվի:

Հետո պարզվեց, որ սրա պատճառը մեկն է. Հայաստանն այդ օրերին պատրաստվում էր Եվրոպայի խորհրդի անդամ դառնալ, եւ անդամակցության հետ կապված հարցերը քննարկելու համար Հայաստան էր այցելելու ԵԽԽՎ նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնը, եւ այդ ժամանակվա իշխանությունները հասկացել էին, որ խմբագրին բանտ ուղարկելն այնքան էլ լավ ֆոն չէ նման պաշտոնյայի այցի համար:

Ռասսել Ջոնսթոնն իր այցի ընթացքում անդրադարձել էր իմ խնդրին, իսկապես, եւ թերեւս իշխանությունները խոստացել էին, որ ինձ բանտ չեն ուղարկի:

Այդպես էլ եղավ. Ջոնսթոնի այցից հետո իմ դատավճիռը դարձավ պայմանական, եւ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության գործընթացի շնորհիվ 1999-2000 թվականներին ես չհայտնվեցի բանտում:

Ու չնայած դրանից հետո մի քանի անգամ իմ դեմ քրեական վարույթ սկսվեց, իմ բանտում հայտնվելը բավական հետաձգվեց եւ տեղի ունեցավ միայն 2008 թվականի Մարտի 1-ի հայտնի իրադարձություններից հետո, երբ իշխանության ապօրինի գործողությունների արդյունքում զոհվեց Հայաստանի Հանրապետության 10 քաղաքացի, որոնցից ութը` խաղաղ ցուցարարներ: Այդ ժամանակ հազարավոր ընդդիմադիրներ ոստիկանության բաժիններ էին տարվում՝ միայն ցույցի մասնակից լինելու համար:

Իսկ մոտ հարյուր քաղաքական լիդերներ, ակտիվիստներ որպես քաղբանտարկյալ հայտնվեցին բանտերում:

Հավաքներ անելու իրավունքից զրկված քաղաքացիների, բանտում հայտնված քաղաքական գործիչների ու նրանց հարազատների, Մարտի 1-ի զոհերի հարազատների միակ հույսն ու ապավենը այդ ժամանակներում Եվրոպայի խորհուրդն էր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, որովհետեւ Մարտի 1-ից հետո Սահմանադրությունը, ըստ էության, չեղարկվել էր Հայաստանի Հանրապետությունում, եւ մարդիկ չունեին պաշտպանության ոչ մի հուսալի իրավական երաշխիք, ոչ մի հույս:  

Եվ այդ դեպքերի առնչությամբ ԵԽԽՎ ընդունած 5 բանաձեւերը թարմ օդի նման փոխում էին Հայաստանի մթնոլորտը` մարդկանց հույս տալով, որ ամեն ինչ չէ, որ կորած է: 2009 թվականից կալանքի տակ լինելով եւ 2010 թվականին դատապարտվելով 7 տարվա ազատազրկման` ես ընդամենը երկու տարի անցկացրի բանտում եւ ազատության մեջ հայտնվեցի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, բայց նաեւ Եվրոպայի խորհրդի աջակցության շնորհիվ:

2011 թվականի ձմռանը բանտում ինձ այցելեց ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը, եւ դա շատ կարեւոր էր Հայաստանում քաղբանտարկյալների խնդրի եւ իմ խնդրի վրա միջազգային ուշադրություն սեւեռելու առումով:

Շատ չանցած՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը իմ գործը ճանաչեց անհետաձգելի, որից երկու ամիս անց այն ժամանակվա իշխանություններն ինձ ազատ արձակեցին համաներման ակտով` հասկանալով, որ Եվրոպայի խորհուրդը հաջորդ քայլով ինձ պաշտոնապես հայտարարելու է քաղբանտարկյալ»,-նշել է նա:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել