Ինչպե՞ս կթույլատրվի երեխաներին տեղափոխել մեքենայով. կառավարության նոր որոշումը

Կառավարությունը ապրիլի 11-ին որոշում ընդունեց մի շարք փոփոխություններ կատարել ճանապարհային երթևեկության կանոններում՝ ճանապարհային երթևեկության գործող կանոնները, ճանապարհային նշանները և ճանապարհային գծանշումներն արդի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Գործող օրենքի համաձայն, մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման համար սահմանված են միանման կանոններ, ինչը ևս բավականին դժվարեցնում է դրանց պահպանումը՝ պայմանավորված երեխայի տարիքային առանձնահատկությամբ. 1 տարեկան և 11 տարեկան երեխաների փոխադրման կարգը սահմանված է նույն կանոնով:

Այժմ  մինչև 7 և 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման համար, տարիքային առանձնահատկությամբ պայմանավորված, կսահմանվեն առանձին պահանջներ:

  • Մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված են անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ և «ISOFIX» մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով:

 

  • 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված են անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ և «ISOFIX» մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով, իսկ թեթև մարդատար ավտոմոբիլի առջևի նստատեղում՝ միայն երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով:
  • Թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում մանկական պահող համակարգերի (սարքերի) տեղադրումն ու դրանցում երեխաներին տեղավորումը պետք է իրականացվեն նշված համակարգերի (սարքերի) շահագործման հրահանգներին (կանոններին) համապատասխան:
  • Արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մոտոցիկլի հետևի նստատեղին, ինչպես նաև բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել