Ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. մեկ անձ ձերբակալվել է

Մարտի 23-ի երեկոյան «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում ստացվեց, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Շեանվան գյուղում ապրող երեք տղամարդ։ Երկուսի վնասվածքը գլխին էր, մյուսինը՝ ձեռքին։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզեցին, որ տղամարդիկ հրազենային վնասվածքները ստացել են Շենավան գյուղի տարածքում, ավելի հստակ՝ Շենավանից Արևաշող գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհին։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց 5.45 մմ տրամաչափի 4 և 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ, որոնք առգրավվեցին։ Նշանակվեց դատաձգաբանական փորձաքննություն։ Հետագա միջոցառումներով իրավապահները պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի մասնակիցների շրջանակը։ Շենավանցի և Վանաձորցի մի խումբ տղամարդկանց պարզաբանումները վերածվել էին ծեծկռտուքի և հանգուցալուծվել կրակոցներով։

Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց սպանության փորձի և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու հատկանիշներով։

Քրեական գործի շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Սպիտակի ոստիկանները հայտնաբերեցին ու նախաքննական մարմնին հարցաքննության ներկայացրին մի խումբ անձանց, որոնք, ըստ տեղեկությունների՝ դեպքի հետ առնչվում էին։ Հետևողական աշխատանքի արդյունքում քրեական հետախույզների տեսադաշտում հայտնվեց նաև հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձը։ Խոսքը Վանաձորի բնակիչ Ա. Կարապետյանի մասին է։ 43-ամյա Կարապետյանին ոստիկանները հայտնաբերեցին Վանաձորի Չուխաջյան փողոցի տներից մեկում և կասկածանքով բերման ենթարկեցին բաժին։ Նա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին և ձերբակալվել։

Կատարվածի բոլոր հանգամանքները, յուրաքանչյուրի դերակատարումը և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։
Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել