Փոփոխություններ ճանապարհային երթևեկության մի շարք կանոններում. կառավարությունը որոշում ընդունեց

Կառավարությունը ապրիլի 11-ին որոշում ընդունեց մի շարք փոփոխություններ կատարել ճանապարհային երթևեկության կանոններում՝ ճանապարհային երթևեկության գործող կանոնները, ճանապարհային նշանները և ճանապարհային գծանշումներն արդի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ սահմանված մի շարք կանոններ չեն համապատասխանում արդի պահանջներին, ինչպես նաև առկա են սահմանման ենթակա մի շարք նոր կանոններ: Մասնավորապես. գործող կանոնների համաձայն՝

– հետիոտնային անցումներից հետո՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքից 15 մետրից մոտ կանգառն արգելվում է, ինչն էապես նվազեցնում է կանգառ կատարելու համար նախատեսված տարածքները, և բացի այդ վարորդների համար բավականին  դժվար է պահպանել այդ պահանջները, քանի որ առանց չափիչ գործիքների գործնականում շատ դժվար է չափել այդ տարածությունները.

– շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկում երթևեկության առավելություն ունի խաչմերուկ մուտք գործող տրանսպորտային միջոցի վարորդը, և խնդրի լուծման համար շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկները կահավորվել են լրացուցիչ ճանապարհային նշաններով, ինչը խնդիրը լուծելով հանդերձ՝ ծանրաբեռնում է փողոցները և դժվարացնում երթևեկությունը:

– մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման համար սահմանված են միանման կանոններ, ինչը ևս բավականին դժվարեցնում է դրանց պահպանումը՝ պայմանավորված երեխայի տարիքային առանձնահատկությամբ. 1 տարեկան և 11 տարեկան երեխաների փոխադրման կարգը սահմանված է նույն կանոնով.

– որոշակի ճանապարհային աշխատանքների կատարման վայրում, ինչպես նաև այլ դեպքերում օգտագործվող ժամանակավոր ճանապարհային նշանների համար սահմանված են նույն պահանջները, որը կիրառվում է հիմնական նշանների դեպքում, ինչը դժվարեցնում է վարորդների կողմից դրանց ընկալումը որպես ժամանակավոր նշան.

– խաչմերուկի տարածքը ցույց տալու համար գծանշում սահմանված չէ, որի պատճառով այն խաչմերուկներում, որտեղ առկա է երթևեկության մեծ ինտենսիվություն և խցանումների առաջացման ռիսկեր, հնարավոր չի լինում ցույց տալ վարորդին այն տարածքը, որտեղ արգելվում է մուտք գործել, եթե դրանից հետո առկա են տրանսպորտային միջոցներ և չի կարողանալու դուրս գալ այդ տարածքից, որի արդյունքում՝ օրվա պիկ ժամերին խցանումների առաջացման ռիսկեր.

– բեռնատար ավտոմոբիլների, կցորդների (բացի թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլների կցորդներից) և ավտոբուսների հաշվառման համարանիշերի թվերը և տառերը պետք է կրկնվեն թափքի հետնապատին (ընդ որում՝ կրկնվող թվերի բարձրությունը պետք է լինի առնվազն 300 մմ, լայնությունը` առնվազն 120 մմ, գծերի հաստությունը` 30 մմ, տառերի չափերը պետք է կազմեն թվերի չափերի 2/3-ը), ինչը վերահսկողության իրականացման ներկայիս տեխնիկական միջոցների առկայության պայմաններում արդեն իսկ ժամանակավրեպ միջոց է.

Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունում հեծանվորդների թիվը գնալով ավելանում է, սակայն դրանց երթևեկության կարգավորման համար սահմանված կանոնները և ճանապարհային նշանները բավարար չեն: Նույն խնդիրն առկա է նաև հիբրիդային ավտոմոբիլների հետ կապված:

Նշված խնդրին լուծում տալու համար մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն և 2008 թվականի հունվարի 10-ի N 113-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով.

– կթույլատրվի հետիոտնային անցումներից հետո՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքից 15 մետրից մոտ կանգառը, այսինքն՝ կարգելվի միայն մինչև հետիոտնային անցում՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքում կանգառ կատարելը.

– շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկում երթևեկության առավելությունը կտրվի խաչմերուկում գտնվող տրանսպորտային միջոցի վարորդին:

– մինչև 7 և 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման համար, տարիքային առանձնահատկությամբ պայմանավորված, կսահմանվեն առանձին պահանջներ.

– ճանապարհային աշխատանքների կատարման վայրում, ինչպես նաև այլ դեպքերում օգտագործվող ժամանակավոր ճանապարհային նշանների համար կսահմանվեն առանձին պահանջներ, մասնավորապես՝ դրանց վրա սպիտակ հիմնագույնի փոխարեն կկիրառվի դեղին հիմնագույնը.

– խաչմերուկի տարածքը ցույց տալու համար կսահմանվի առանձին գծանշում.

կհանվի հաշվառման համարանիշերի թվերը և տառերը թափքի հետնապատին կրկնելու պահանջը և փոխարենը կսահմանվի, որ հաշվառման համարանիշերը կամ դրանց տեղակայման (ամրացման) ձևը չեն համապատասխանում օրենսդրության կամ ստանդարտների պահանջներին.

Բացի այդ, կսահմանվեն հեծանվորդների, ինչպես նաև հիբրիդային ավտոմոբիլների երթևեկության կարգավորման նոր կանոններ և ճանապարհային նշաններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել