30-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ տղամարդու սպանության համար

46-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ալավերդի քաղաքի բնակչին. վերջինս կալանավորվել է:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. ապրիլի 4-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչը, ով Երևան քաղաքի բնակիչ Արսեն Սարդարյանի ավտոմեքենայով Երևանից ուղևորվել է Ալավերդի,  ճանապարհին վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նրա գլխի շրջանին՝ վերջինիս պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:Այնուհետև, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, նույն ավտոմեքենայով դիակը տեղափոխել է Ալավերդի համայնքի վարչական տարածքում գտնվող ամայի վայր և այրել, որից հետո այրված դին տեղափոխել է Լոռու մարզի Աքորի գյուղի ճանապարհին կից գտնվող դաշտավայր և թաքցրել հողի ու տերևների տակ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել