Մատենադարանի տնօրենը անձնական դրդապատճառներից ելնելով է լուծարում իմ խումբը. Արծրունի Սահակյան

Մատենադարանի միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման խմբի գիտական ղեկավար, պրոֆեսոր, բանասիրական և պատմական գիտությունների դոկտոր Արծրունի Սահակյանը այսօր՝ ապրիլի 10-ին, հայտարարեց, որ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն օրերս փակել է իր ղեկավարած գիտահետազոտական խումբը, խմբի ղեկավարն ու աշխատակիցները նշում են, որ դա անձնական հաշվեհարդարի հետևանք է։

«2016 թվականին, երբ մենք որոշեցինք միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման խումբ ստեղծել, այդ ծրագիրը հավանության արժանացավ նաև Գիտությունների պետական կոմիտեի կողմից, և վերջիններս ստանձնեցին պատասխանատվություն տարեկան 2 միլիոն դրամ հատկացնել՝ խմբի աշխատանքների համար: Այս կարճ ժամանակահատվածում մեր կողմից 2-3 մատենաշար է լույս տեսել և կարևոր նշանակություն ունեցող մեր խումբը փակելու ոչ մի հիմնավորում չի կարող լինել»,- ասաց Արծրունի Սահակյանը:

Ըստ նրա՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն անձնական դրդապատճառներից ելնելով է նման որոշում կայացրել:

«2016 թվականին ես ԲՈՀ-ի կազմում եղել եմ Վահան Տեր-Ղևոնդյանի դոկտորական թեզի գաղտնի գրախոսը և քանի որ նրա աշխատանքը նույն իր թեկնածուական աշխատանքի փոքր-ինչ ընդլայնված տարբերակն էր և ուներ թերություններ, ես անաչառ կարծիք եմ հայտնել Ղևոնդյանի դոկտորական աշխատանքի վերաբերյալ, որի պատճառով էլ այսօր նա որոշում է կայացրել լուծարել իմ գլխավորած խումբը», -նշեց Արծրունի Սահակյանը:

Արծրունի Սահակյանի խոսքով՝ Վահան Տեր-Ղևոնդյանը կոլեկտիվի առաջ ասել է, որ այդ խումբը ստեղծվել է նրա ճնշումների հետևանքով:

Պրոֆեսորը նշեց, որ շուտով դիմելու է դատարան՝ պատիվ և արժանապատվություն պահանջելու:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել