Ակնկալվում է բարելավել գրավի ինստիտուտը. նոր նախագիծ է շրջանառվում

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի  ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել գրավի ինստիտուտը, որը կարող է դրականորեն ազդել «Գործարարությամբ զբաղվելը» վարկանշային ցանկում Հայաստանի Հանրապետության դիրքի վրա:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ

«Գործարարությամբ զբաղվելը-2019» զեկույցի համաձայն՝ «Վարկերի ստացումը» ցուցիչով Հայաստանի Հանրապետությունը զբաղեցրել է 44-րդ հորիզոնականը: Գրանցած ցուցանիշի վրա իր ազդեցությունն է ունեցել, ի թիվս այլնի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված՝ գրավի իրավունքը գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտա­դրանքի և եկամուտների նկատմամբ միայն պայմանագրով նախատեսված դեպքերում տարածելու վերաբերյալ պահանջը, ինչպես նաև գրավի պայմանագրով գրավի առարկայի, այդ թվում՝ առարկաների խմբի ընդհանուր նկարագրություն սահմանելու հնարավորության բացակայությունը:

Միաժամանակ, հարկ է նկատել, որ ներկայում շրջանառության մեջ է գտնվում «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվել են գրավի իրավունքը գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտա­դրանքի և եկամուտների նկատմամբ տարածելու, ինչպես նաև գրավի պայմանագրով գրավի առարկայի, այդ թվում՝ առարկաների խմբի ընդհանուր նկարագրություն սահմանելուն ուղղված օրենսդրական կարգավորումներ նախատեսելու վերաբերյալ միջոցառումներ:

Վերը նշվածը վկայում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով

  1. հանվել է որոշիչ կամ նկարագրական հատկանիշներ ունեցող ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրությունը պայմանագրում պարտադիր սահմանելու վերաբերյալ պահանջը,
  2. սահմանվել է, որ գրավի իրավունքը տարածվում է նաև գրավ դրված գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի և եկամուտների վրա, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով,
  3. նախատեսվել է գրավի պայմանագրում գրավի առարկայի ընդհանուր նկարագրությունը սահմանելու հնարավորությունը՝ գույքի մասի կամ գույքի առանձին տեսակների կամ որևէ հատկանիշներով պայմանավորված խմբի մասին նշում կատարելու միջոցով, ինչպես նաև պայմանագրում հատուկ նշում կատարելու միջոցով գրավը պարտապանի ողջ գույքի վրա տարածելու հնարավորությունը,
  4. սահմանվել է, որ բոլոր դեպքերում գրավի առարկայի ընդհանուր նկարագրությունը պետք է հնարավորություն ընձեռի նույնականացնել գրավի առարկան դրա նկատմամբ բռնագանձում տարածելու պահին,
  5. նախատեսվել է, որ գրավի առարկայի ընդհանուր նկարագրություն չի կարող սահմանվել գրանցման կամ հաշվառման փաստի ուժով ծագող գրավի իրավունքի, գրավականի, կոշտ գրավի և գրավատուն հանձնված գույքի գրավի դեպքերում:

 Հավելենք, որ նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության  «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտու­թյուն­նե­րի կենտրոն» հիմնադրամի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել