ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ` հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու վերապատրաստումներ իրականացնելու նպատակով:
Այս մասին տեղեկանում ենք կրթության և գիտության նախարարությունից:
Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ունեն` համապատասխան ուսումնական տարածք, վերապատրաստող մասնագետներ` (դասախոսներ, ուսուցիչներ, մեթոդիստներ), 90-110 ժամյա վերապատրաստման անհատական ծրագիր` 15-20 օր տևողությամբ:
Վերապատրաստման ծրագիրը պետք է ներառի իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական գիտելիքների, ինչպես նաև` ուսուցման մեթոդաբանության և գործնական կարողությունների ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված բաղադրիչները, ունենա ՀՀ ԿԳ նախարարի` 2018 թվականի մարտի 20-ի 245-Ա/2 հրամանով հաստատված հարցաշարին, ինչպես նաև` հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի նկարագրին համապատասխան կազմված տեսական և գործնական պարապմունքների թեմատիկ պլան,վերապատրաստման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազա, ուսումնամեթոդական գրականություն, ձեռնարկներ:
Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները կարող են մինչև 2019 թվականի ապրիլի 22-ը ժամը 18:00 դիմել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն` նախօրոք լրացնելով և դիմումին կցելով edu.am և ktak.am կայքէջերում տեղադրված վերապատրաստման պայմանների ու չափանիշների վերաբերյալ ձևաթղթերը: